2017 թվականի փետրվարի 17-ին Եվրասիա միջազգային համալսարանի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի նախաձեռնությամբ երեք ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի համար անցկացվեց << Տեսական մտածողության զարգացման հմտությունները>> թեմայով մեթոդական վերապատրաստում:
Վերապատրաստման դասընթացը վարեց համալսարանի իրավագիտության ամբիոնի ասիստենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Երանուհի Մանուկյանը:
Նա նշեց, որ տեսական մտածողության զարգացման կարևորությունը պայմանավորված է նրանով, որ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները կոնկրետության կոչ անելով կանգնեցնում են ճգնաժամերի առաջ: Ժամանակակից մարդը այլևս չի ընկալում ընդհանրական վերացական գաղափարներ, բայց դրանք համարվում են այն դաշտը, ինչը ապահովում է մտածողության շարունակականությունը: Ինչպես նշում է իսպանացի հայտնի մտածող Խոսե Օրտեգա Ի Գասետը` տեսական գիտելիքները ուղղում են տեսողական գիտելիքի սխալները: Այսինքն, զգայական իմացության ճանաչողությունը առաջնային է, բայց խորքային չէ: Իսկ վերջինս ապահովում է տեսական մտածողությունը:
Մասնակիցների կողմից բարձրացվեցին թեմային առնչվող բազմաթիվ հարցեր: Ծավալվեց ակտիվ քննարկում: Ե.Մանուկյանը պատասխանեց ներկաների կողմից բարձրացված բոլոր հարցերին :