Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները բուհի գրադարանի պատասխանատուի ղեկավարությամբ փետրվարի 17-ին՝ Թումանյանի ծննդյան նախօրեին, այցելեցին ճարտա
րապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով կառուցված մեծ բանաստեղծ, հեքիաթագիր, հումանիստ Հովհ. Թումանյանի տուն-թանգարան:
Մինչ թանգարանով շրջելը, եվրասիականները դիտեցին Թումանյանի «Ձախորդ Փանոս» 3D մուլտֆիլմը: Այնուհետև ուսանողները ծանոթացան բացատրության վարողի` Գայանե Մարտիրոսյանի հետ, ում ուղեկցությամբ էր սկսվեց նրանց շրջայցը թանգարանում:
Թանգարանը սկզբում ներկայացված է Կանաչ սրահից, որի կենտրոնում Հովհաննես Թումանյանի Դսեղի հայրական տան մանրակերտն է: Տունը մինչև օրս էլ կանգուն է և վերածվել է տուն-թանգարանի: Կանաչ սրահը պատմում է նրա մանկության, պատանեկության, առաջին սիրո, Թիֆլիս` Ներսիսյան դպրոց մեկնելու և այդ քաղաքում սկսած նոր կյանքի առաջին շրջանի մասին:
Հաջորդ՝ Ծիրանագույն սրահը, վերաբերում էր «Գիքորը» պատմվածքից ու «Մարոն» պոեմից մինչև ստեղծագործական առումով խիստ բեղուն շրջանին: Տիկին Գայանեն ներկայացրեց նաև «Անուշ», «Փարվանա», «Թմկաբերդի առումը», «Սասունցի Դավիթ» և այլ ստեղծագործություններին վերաբերող ձեռագրերն՝ որպես Թումանյանական գլուխգործոցների մի ամբողջ շքերթ: Եվրասիականները մեծ ոգևորություն ապրեցին, երբ մտան «Վերնատուն» ` Ծիրանագույն և Կապույտ սրահների անկյունում գտնվող գողտրիկ ու խորհրդավոր հուշասենյակը, որը Հովհ. Թումանյանի գրական, ընկերական բացառիկ նշանակության հավաքատեղին էր: Վարողը հիշեցրեց, որ «Վերնատունը» հայ մտավորականության համար եղել է ազգային, մշակութային խնդիրների և բարոյական հարցերի հստակեցման հարթակ:
Եվրասիականները այցելեցին նաև Կապույտ և Վարդագույն սրահներ, որոնք նույնպես ներկայացնում էին Թումանյանի կյանքի մյուս կարևոր շրջանները:
Վերջում եվրասիականները եղան Թումանյանի աշխատասենյակում,որտեղ հատկապես աչքի էր ընկնում պատին փակցված՝ «Չծխել և գիրք չխնդրել» թումանյանական հայտնի գրությունը:
Այն ամենը , ինչ տեսան Եվրասիականները աննկարագրելի և անբացատրելի է. հուզմունքից ուսանողները կիսվում էին իրենց տպավորություններով: Այսպես ուսանողուհի Նունե Թորոսյանը պատմում էր. «Ես դեռ փոքրուց շատ եմ լսել Հովհաննես Թումանյանի հեքիաթները: Կարծես թե բոլոր հայ ծնողների համար հենց այդ հեքիաթներն են միշտ եղել նախընտրելի: Ի սկզբանե ինձ են պատմվել Հովհաննես Թումանյանի խրատական հեքիաթները, այնուհետև ես ինքս եմ սկսել փոքրիկներին այդ հեքիաթները պատմել: Անկեղծ ասած այդ հեքիաթներն իմ կողմից ոչ արժանվույն էին գնահատվում: Հովհաննես Թումանյանի թանգարանի այցից հետո իմ տեսակետը լիովին փոխվեց: Ես հասկացա, որ ցանկացած գրություն ունի իր յուրահատուկ ընկալումը և դա պարզապես անհրաժեշտ է հասկանալ: Եվ իսկապես, ճանաչողական այցերը կարող են փոխել անձի տեսակետը ամբողջությամբ »:
Իր տպավորություններով կիսվեց նաև ուսանող Դիանա Օհանյանը. «Այցը դեպի Թումանյանի թանգարան հիանալի առիթ էր նոր գիտելիքներ ձեռք բերելու հայ մեծագույն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մասին: Ինձ համար հաճելի անակնկալ էր թանգարանի կողմից կիրառվելիք ժամանակակից տեխնոլոգիաները: Պրոֆեսիոնալ մոտեցումը թանգարանի աշխատակիցների կողմից անշուշտ հիանալի մթնոլորտ էր սեղծում այցի ընթացքում: Բոլորին խորհուրդ եմ տալիս մեկ անգամ ևս այցելել Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան»: