ԱՄՆ Սթոունհիլ քոլեջի ուսանողներ Էրիկա Կորդատոսը և Դենիել Լևինը, հետևելով նախորդ տարվա ուսանողների օրինակին, այս տարի եկել են Երևան ` իրականացնելու իրենց հետազոտական պրակտիկան: Ուսանողները չորս ամիս մանրակրկիտ ուսումնասիրելու և հետազոտելու են Հայաստանի տնտեսական իրավիճակը (Էրիկայի թեման կոռուպցիան է, իսկ Դենիելինը՝ագրոբիզնեսը) և հունիսին կայանալիք միջազգային կոնֆերանսին կներկայացնեն հետազոտության արդյունքները:
Էրիկան և Դենիելը մասնակցելու են օտարերկրյա ուսանողների համար հատուկ մշակված անգլերենով անցկացվող դասընթացներին Եվրասիա միջազգային համալսարանում, իսկ հետազոտական պրակտիկան անցնելու են «Եվրասիա համագործակցություն» հիմնադրանում, «Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում ու «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամում: Նոր միջավայրին ուսանողների արագ և արդյունավետ ինտեգրումն ապահովելու համար մշակվել է հնգօրյա մշակութային կողմնորոշման ծրագիր, որն էլ սկսվեց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանի հետ հանդիպումից:
Հանդիպման ընթացքում ռեկտորը ողջունեց ուսանողների նախաձեռնությունը մեր հանրապետությունում իրականացնելու հետազոտություն, ծանոթացրեց նրանց համալսարանի ձեռքբերումներին, գործող միջազգային ծրագրերին և առկա համագործակցություններին: Ռեկտորը նաև նշեց, որ համալսարանը պատրաստ է համագործակցելու ուսանողների հետ և նրանց խորհուրդ տվեց լինել առավել ակտիվ, հանդես գալ հետաքրքիր նախաձեռնություններով և ակտիվ մասնակցել համալսարանական կյանքին ՝ նպաստելով բուհ-ի ներքին կրթական և հետազոտական մշակույթի բարելավմանը:
Այնուհետև տեղի ունեցավ շրջայց համալսարանով: Ուսանողները ծանոթացան նաև գրադարանի ֆոնդին և ուսումնահետազոտական հնարավորություններին
Երեկոյան Էրիկային և Դանիելին սպասվում է մշակութային մեկ այլ՝ « համեղ» կողմնորոշում: