«ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված «Եվրասիա 15» ավագ դպրոցի բարեփոխման ծրագիրը հեշտացնում է երեխայի կրթությունը` այն դարձնելով նպատակային»,- վստահեցնում է «Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր, «Օհանյան» կրթահամալիրի հիմնադիր, «Եվրասիա 15»-ի հեղինակ Սուրեն Օհանյանը:
Ըստ նրա` հանրակրթության բնագավառում պետք է իրականացվեն համապատասխան բարեփոխումներ, քանի որ մեկ հասարակական-քաղաքական կառուցվածքից անցում է կատարվել մեկ այլ կառուցվածքի, ինչի արդյունքում փոխվել է հասարակական միջավայրը և պահանջները:
Ս. Օհանյանի փոխանցմամբ` «Եվրասիա 15»-ն ամբողջությամբ ընդգրկում է ավագ դպրոցի ծրագիրը և կառուցվածքայնորեն բաղկացած է երեք ենթածրագրերի: Այն մշակելիս` հաշվի են առնվել այն պայմանները, որոնցում այսօր հայտնվել են ավագ դպրոցները:
«Մենք մեթոդական այսպիսի հաջորդականությամբ ենք շարժվել, վերցրել ենք ԿԳՆ-ի կողմից հաստատված արհեստավարժական ուսումնական պլանը, այն բարեփոխել ենք և աշակերտների ընտրած մասնագիտությունների գծով կատարել համապատասխան ժամաքանակի փոփոխություն, օրինակ 10-րդ դասարանում երեխան լրացուցիչ կուսումնասիրի 9 ժամ, 11-ում` 13, և 12-ում` 16,5 ժամ, այսինքն` այս նշված ժամաքանակով երեխան նախընտրում է իր ապագա մասնագիտությունը և այդ գծով սկսում է կազմակերպել ուսուցումը»,- նշեց նա` հավելելով, որ ավագ դպրոցում սովորելու երեք տարիների ընթացքում երեխան հավաքում է այնքան կրեդիտներ, որոնք համապատասխանում են բակալավրիատի առաջին կուրսի համար սահմանված կրեդիտների քանակին, ինչը հնարավորություն է տալիս աշակերտին ավագ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել միանգամից բակալավրիատի երկրորդ կուրսում:
Ս. Օհանյանի խոսքերով` վերոնշյալ ծրագրով առաջարկվում է ներդրնել նաև մեթոդական բազմազանություն` փոխելու ավագ դպրոցի մշակույթը:
Նրա կարծիքով` ներկայիս պայմաններում ուսուցիչը պետք է գիտելիք փոխանցողի դերակատարումից անցում կատարի երեխային գիտելիք ստանալու գործընթացում ուղեկցողի դերակատարմանը, երբ մանկավարժն անհատական մակարդակով երեխային տալիս է առանձին հանձնարարություն` ելնելով տվյալ աշակերտի ընդունակություններից:
«Մեթոդական բազմազանության միջոցով պետք է կիրառել այնպիսի ուսուցման մեթոդներ, որոնք հետաքրքրում են երեխային և համապատասխանում են նրա ներկայիս նախասիրություններին»,- ընդգծեց Ս. Օհանյանը:
Վերջինիս փոխանցմամբ` «Եվրասիա 15»-ի երրորդ կարևոր առանձնահատկությունն այն է, որ առաջարկում է ներդնել արդյունքների վերջնական գնահատման կրեդիտային համակարգ:
Ստորև ներկայացնում ենք Ս. Օհանյանի հարցազրույցի տեսանյութը.