Իրավաբանական կլինիկայի հերթական վարպետության դասը կայացավ 2016 թվականի նոյեմբերի 10-ին «Արտոնագրային իրավունքի պրակտիկ կիրառությունը» թեմայի շրջանակներում, որը վարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը կից գործող Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Անդրանիկ Խաչիկյանը:
Դասի նպատակն էր իրավաբանական կլինիկայի ուսանողներին ծանոթացնել գործնականում արտոնագրային իրավունքում օգտագործվող իրավական հասկացություններին, դրանց առանձնահատկություններին, օբյեկտների արտոնագրման պրակտիկ ընթացակարգերին և դրանց օրենսդրական կարգավորումներին:
Ա.Խաչիկյանը ընդհանուր ներկայացրեց Մտավոր սեփականության իրավունքի զարգացման փուլերը, իսկ առավել մանրամասն կանգ առավ արտոնագրային իրավունքի վրա, դրանում առկա կարևորագույն օբյեկտների, ինչպիսիք են գյուտը, արդյունաբերական նմուշը, օգտակար մոդելը, անդրադարձ կատարեց նաև դրանց արտոնագրաունակության պայմաններին:
Բանախոսը ներկայացրեց այն ներպետական և միջազգային նորմատիվ իրավական ակտերը (միջազգային պայմանագրերը, որոնց անդամ է հանդիսանում ՀՀ-ն), որոնցով իրականացվում են արտոնագրային իրավունքի վերաբերյալ իրավահարաբերությունները: Քննարկվեցին և վեր հանվեցին այն խնդիրները, որոնք առկա են ոչ միայն օրենսդրական դաշտում, այլ նաև պրակտիկ ոլորտում:
Ա.Խաչիկյանը խոսեց նաև Հայաստանում ներդրված արտոնագրային հավատարմատարի ինստիտուտի դերի և կարևորության մասին: Քննարկումներ ծավալվեցին արտոնագրային իրավունքի ոլորտում հայաստանյան և միջազգային փորձի ու դատական պրակտիկայի շուրջ: Դասը իր ողջ ընթացքում ուղեկցվում էր դատական գործերի պրակտիկ օրինակներով: