Հոկտեմբերի 13 2016
HH

Օրենքի նախագիծը բովանդակային բարելավման կարիք ունի

Ինչպես հայտնի է համաժողովրդական քննարկման է դրված «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ Օրենքի նախագիծը: Եվրասիա միջազգային համալսարանը, արձագանքելով այդ նախաձեռնությանը, պատրաստակամություն էր հայտնել կազմակերպելու ընդլայնված քննարկում՝ մասնակից դարձնելով այդ օրենքով հետաքրքրված մասնագետներին: Նախապես հրավերներ ուղարկվեցին պետական մարմիններին, բուհերին, լրատվամիջոցներին և քննարկման նախագծով հետաքրքրված ընկերություններին:

Ս.թ. հոկտեմբերի 11-ին  տեղի ունեցավ այդ օրենքի նախագծի քննարկումը: Մասնակցեցին պետական և ոչ պետական բուհերից, Կրթության ազգային ինստիտուտից, Բաց հասարակության հիմնադրամից, «Ունիսոն» հասարակական կազմակերպությունից, Որակի ապահովման ազգային կենտրոնից, Հանրային քաղաքականության ինստիտուտից ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ և այլն: Ներկաները ցավալիորեն արձանագրեցին օրենքի նախագծի հեղինակների բացակայության փաստը, որովհետև նախագածի առանձին հոդվածների հեղինակային լրացուցիչ մեկնաբանությունների անհրաժեշտություն էր զգացվում:

Քննարկման նախաձեռնող խմբի ղեկավար՝ բանախոս Ս. Օհանյանը համառոտ ներկայացրեց օրենքի բովանդակությունը և իր անձնական նկատառումները՝ կապված օրենքի ընդունման հրատապության, ակնկալվող նոր դրույթների և հատկապես ժամանակի թելադրանքով պայմանավորված օրենսդրական բարեփոխումների հետ:

Ծավալվեց մասնագիտական համակողմանի և անկողմնակալ   քննարկում: Կարևորվեց այն հանգամանքը, որ օրենքի նկատմամբ սկսած մշակման փուլից մինչև ընդունման փուլը, պետք է լինել շատ զգույշ և հարգալից, որովհետև այն ընդունվում է ոչ թե մեկ օրվա, այլ սերունդների՝ կրթական գործունեության իրականացման հեռանկարային ազգային շահերից ելնելով: Քննարկման ընթացքում, որպես արտաքին գնահատողներ, մասնակիցները եկան այն համոզման, որ ներկայացված նախագիծը բավականին հեռու է ավարտուն համարելու տարբերակից: Այնտեղ դեռևս կան ակնառու թերություններ, ընդունման անհրաժեշտությունից ելնելով  հարցերի բացթողումներ, ոչ պրոֆեսիոնալ հիմնավորումներ, օրենքի շրջանակներից դուրս հոդվածներ և այլն: Մասնակիցների կարծիքով օրենքը նախ և առաջ գրված է հապճեպ, ոչ այնքան ընդունելի պրոֆեսիոնալ մակարդակով և իրավաբանական հիմնավորումներով, հագեցած է օրենքին ոչ բնորոշ ավելորդ մտքերով ու խմբագրական անճշտություններով: Չի ընկալվում, թե ի՞նչ անհրաժեշտություն կա ինստիտուցիոնալ հավատարմագրմանը և ՊՈԱԿ-ներից կրթական հիմնադրամ ճանապարհն ընտրած բուհերի վերակազմավորման այս գործընթացում, զուգահեռաբար, նոր օրենք ընդունել՝ այն էլ առանց բուհերի կազմակերպաիրավական հարցերի ու ակնհայտ նոր բարեփոխումների ներկայացման: Հարց է առաջանում, թե ի՞նչ անհրաժեշտություն կա պետական, հանրային և ոչ պետական բուհերը առանձնացնելու, երբ օրենքի գրեթե բոլոր կետերում օգտագործվում է «բուհ» հասկացությունը՝առանց իրենց բնույթից ելնելով միմյանցից զանազանելու: Կամ, ի՞նչպես է մեկնաբանվում այս օրենքի ընդունման հրատապությունը, ո՞րն է նորի հիմնավորումը:

Ավելին, ՀՀ-ում նաև նոր կառավարություն է ձևավորվել, փոխվում են տնտեսության ոլորտների նկատմամբ մոտեցումներն ու պահանջները, որոնք նույնպես պետք է արտահայտվեն այս նախագծում. օրինակ, շուկայական՝ մրցակցային դաշտի ձևավորման իրական մեխանիզմների մշակման և ներդրման հիմնահարցերը, որոնք այս օրենքի նախագծում ընդամենը դեկլարատիվ բնույթ ունեն: Քննարկման արդյունքում մասնակիցների կարծիքով պետք է օրենքի այս տարբերակը քննարկումից հանել կամ էլ ներկայացնել էապես բարեփոխված տարբերակով օրենքի նախագիծ, մանավանդ, որ հասարակությունը այնքան էլ հետաքրքրված չէ այս «նոր օրենքով»: Անհրաժեշտ է ներկայացնել օրենքի նոր հայեցակարգ, քննարկել և հետո միայն անդրադառնալ նրա ընդունմանը: Իսկ ներկայումս եղած անճշտությունները կամ խոչընդոտները կարելի է կանոնակարգել կառավարության համապատասխան որոշումներով: