Եվրասիա միջազգային համալսարանում 2016 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցավ ամենամյա գիտաժողով, որն այս անգամ նվիրված էր «Ուսուցման մեթոդներ և կրթական վերջնարդյունքներ» թեմային: Գիտաժողովին իրենց հետազոտությունները ներկայացրեցին ԵՄՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և համալսարանի գիտաշխատողները: Զեկույցները ընդգրկում էին բարձրագույն մասնագիտական կրթության նոր մշակույթին, ոսուցման վերջնարդյունքների ներդրմանը, փիլիսոփայական և մեթոդաբանական, գիտելիքների գնահատմանն առնչվող հիմնահարցերը: Զեկուցողներն իրենց ելույթներում կարևորեցին նաև դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառման անհրաժեշտությունը, որոնցից էր խաղային մեթոդը (զեկուցող Ա. Ռուդենկո), որը հնարավորություն է տալիս ուսանողին ստեղծագործաբար աշխատել առաջադրված նյութի հետ, կատարել վերլուծություններ և ընդհանրացումներ:
ԵՄՀ-ում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ուսուցման նորարական մեթոդներին: Գիտաժողովը հետապնդում էր հենց այդ նպատակը: Այդ տեսանկյունից ուշադրության է արժանի Ն. Ջոմարդյանի կողմից ներկայացված զեկույցը, որը վերաբերում էր բանավեճին, որպես ուսումնառության բազմաֆունկցիոնալ մեթոդի:
Մեթոդաբանական առումով ուշադրության է արժանի Ե. Մանուկյանի, Մ.Կարապետյանի, Ա. Խաչատրյանի, Ս. Հակոբյանի և այլ զեկուցումները, որոնց շուրջ ծավալվեց մտքերի ակտիվ փոխանակում:
Բարձրագույն մասնագիտական կրթական նոր մշակույթ ստեղծելու, ժամանակակից պահանջներին համահունչ կրթական գործունեություն ծավալելու նպատակով կարևոր նշանակություն ունեն եվրոպական համալսարաններում մեծ տարածում գտած ստեղծագործական-հետազոտական ուղղվածություն ունեցող զանազան մեթոդների կիրառումը: Դրանք պահանջում են, նախ և առաջ, ուսուցման գործընթացներում արմատավորելու թիմային, խմբային և անհատական նախագծերով աշխատելու եղանակը: Այդ և անձնանպատակային հետազոտական տարբերակված նոր մեթոդին առնչվող հարցերին էր նվիրված «Բարձրագույն մասնագիտական կրթության նոր մշակույթի հիմնահարցեր» թեմայով զեկուցումը (Ս. Օհանյան, Ի. Բաբայան):
Գիտաժողովի ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրեցին նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի փիլիսոփայություն առարկայի դասախոսները:
Համաժողովն ունեցավ գիտագործնական նշանակություն. այնտեղ քննարկված մեթոդական նոր եղանակները կներդրվեն համալսարանի կրթական գործընթացներում: