Սեպտեմբերի 11 2019
IMG 4483

2019-2020 ուսումնական տարին մեկնարկեց ԵՄՀ միջազգային ուսանողների համար

Այսօր՝ ս․թ․ սեպտեմբերի 11-ին, Եվրասիա միջազգային համալսարանն ընդունեց իր միջազգային ուսանողներին։ Օրը տոնական էր հատկապես նոր ընդունված ուսանողների համար։

Կողմնորոշման օրվա միջոցառման շրջանակում ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը․ «Ողջունում և շնորհավորում եմ ձեզ նոր ուսումնական տարվա կապակցությամբ։ Առանձնահատուկ ողջունում եմ մեր առաջինկուրսեցիներին ակադեմիական կրթության նոր աշխարհ մուտք գործելու կապակցությամբ։  Ցանկանում եմ, որ տարին հաջողություններով ու նվաճումներով լի լինի, և այն նպատակները, որոնք դրել եք ձեր առջև, անպայման իրականություն դառնան։  Ցանկանում եմ հատկապես շնորհակալությունս հայտնել բարձր կուրսում սովորող ուսանողներին, ովքեր իրենց փորձը տարածեցին իրենց ընկերների շրջանում և այսօր մենք ունենք միջազգային ուսանողների նոր հոսք։ Սա խոսում է բուհից ձեր գոհունակության, որակյալ կրթության մասին, ինչը հավատացե´ք, պարտավորեցնող է բուհի համար։ Խնդրանքս մեկն է, որ շարունակե´ք էլ ավելի լավ սովորել, էլ ավելի ձգտե´ք ինքնակրթության ու ինքնազարգացման և դառնաք լավագույն օրինակները մեր հետագա նոր ընդունվողների։ Մաղթում եմ ձեզ բարձունքներով լի ուսումնական տարի և համոզված եմ, որ մեր համատեղ արդյունավետ աշխատանքը նոր ուղի կհարթի ձեր՝ որպես մասնագետ կայանալու ճանապարհին»։

Ուսանողներին ողջույնի և շնորհավորանքի խոսքեր ուղղեցին նաև Եվրասիա միջազգային համալսարանի Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Իրինա Բաբայանը և «Ֆարմացիա» մասնագիտության ամբիոնի վարիչ Նաիրա Արշակյանը։

Միջազգային կապերի բաժնի պատասխանատու Ն. Ջոմարդյանը ներկայացրեց միջազգային բուհերի հետ համագործակցությունները և իր խոսքում կարևորեց նաև մենթորական աշխատանքը։ Նա հատուկ շնորհակալություն հայտնեց այն միջազգային ուսանողներին, ովքեր արդեն իսկ «տան տիրոջ» իրավունքով, լավագույնս աջակցեցին փոխանակման ծրագրերով ԵՄՀ ժամանած ուսանողներին և դասախոսներին, և շնորհակալագրեր հանձնեց 2018-2019 ուստարում ակտիվ գործունեություն ծավալած մենթոր-ուսանողներին։

Միջոցառման ավարտից հետո համալսարան նոր ընդունված ուսանողները ստացան իրենց ավանդական փաթեթները։