Արցախի բռնի հայաթափման հետևանքով հազարամյակների ընթացքում ստեղծված մշակույթն այսօր կանգնած է ոչնչացման վտանգի առջև։ Արցախից դուրս արցախյան թեմատիկան հնարավոր է պահպանել միայն թշնամու վերահսկողության տակ անցած շրջանների հուշարձանների վերաբերյալ ցուցահանդեսների կազմակերպմամբ, արցախյան բարբառի պահպանմամբ, սահմանամերձ շրջաններում կրթամշակութային միջոցառումների իրականացմամբ, Արցախի ոչ մշակութային ժառանգության պահպանմամբ։
Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ժամանակակից արվեստի և մշակութային կրթության բաժնի պետ Ապրես Մարգարյանի խոսքով, այս նպատակով նախատեսվում է իրականացնել տարբեր ծրագրեր։ Առաջին միջոցառումներն ուղղված են, հիմնականում, Արցախի համերգային կազմակերպությունների պահպանմանը։
Առաջնային խնդիրներից է պահպանել համույթի անունները և իրենց այդքան տարվա գործունեությունը «Այդ նպատակով կազմակերպության կառուցվածքում մտցրել ենք ստորաբաժանումներ,այսինքն՝ համույթները կոլեկտիվ անդամակցվում են և որպես առանձնացված ստորաբաժանումներ կպահպանեն իրենց անունները»,- նշում է նա։
«Մռակած» պետական կամերային երգչախմբի անդամները պատմում են 24-ամյա գործունեություն ունեցող երգչախմբի մասին։ Այն շրջագայություններ է ունեցել տարբեր երկրներում, մասնակցել մրցույթների և հաղթանակով վերադարձել Արցախ։ Երգչախումբը բռնի տեղահանումից ընդամենը ամիսներ անց կարողացավ համերգ տալ Հայաստանում․
«Հաշվի առնելով երգիչների, երաժիշտների, պարողների հոգեբանական վիճակը, այն բազմաթիվ խնդիրները, որոնց բախվել ենք համերգի կազմակերպման ընթացքում, հեշտ չէր այն կազմակերպելը։ Հրավիրել էինք Հայաստանի հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների, դեսպաների։ Կարող ենք ասել, որ առաջին քայլը կատարվել է, և կան որոշակի դրական միտումներ, որովհետև այդ միջոցառումից հետո քննարկումներ ունեցանք տարբեր հիմնադրամների ներկայացուցիչների հետ, որոշակի առաջարկներ ներկայացրեցինք դեսպաններին, և արդեն կան համույթներ, որոնք ունեն մի ամբողջ տարվա ֆինանսավորում։ Հույս ունենք, որ մնացածները նույն ձևով կիրագործվեն։ Ունենք մեծ պոտենցիալ, որը չի իրագործվում Հայաստանում։ Ունենք 1400 մասնագետ, որից 110 հոգին է աշխատում։ Դա է պատճառը, որ որոշել ենք ամբողջ մշակույթը կենտրոնացնել մի տեղում, քանի որ պետական կարգավիճակ, ցավոք սրտի չեն տալիս»,- ասում է Ապրես Մարգարյանը։
Իրենա Հարությունյան
Լրագրություն, 3-րդ կուրս