Ս.թ. մարտի 28-ին ԵՄՀ Օտար լեզուների և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց գիտագործնական սեմինար՝ «Միջմշակութային հաղոդակցական իրազեկությունների ձևավորման ուղիները» թեմայով, որը վարեց նույն ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ Ի. Մխիթարյանը: Հանդիպմանը ներկա էին ոչ միայն ԵՄՀ ուսանողները, այլև՝ օտարազգի ուսանողներ և դասախոսներ, որոնք սեմինարին հաղորդեցին միջմշակութային շունչ: Սեմինարի ընթացքում քննարկվեցին այնպիսի հարցեր ու խնդիրներ, որոնք կարող են առաջանալ տարբեր դավանանքի, գիտելիքների, սոցիալական կարգավիճակի և էթնիկ խմբին պատկանող անհատների համատեղ աշխատանքի ընթացքում։ Այս տեսանկյունից նպատակային է հասկանալ, թե ինչպես են տարբեր երկրներում ապրող և տարբեր մշակույթների պատկանող մարդիկ գործում, շփվում և ընկալում աշխարհը։ Արտասահմանցիների հետ շփում ունեցող մարդիկ պնդում են, որ մշակույթը բացահայտում է հաղորդակցության կոդավորման, այն փոխանցելու և մեկնաբանելու ձևերը: Հանդիպման ընթացքում կազմակերպվեցին տարաբնույթ վարժանքներ, որոնք ուղղորդված էին հենց միջմշակութային հաղորդակցական իրազեկությունների ձևավորմանը:
Բանախոս Ի. Մխիթարյանը նշեց, որ օտար մշակույթում լիարժեքորեն գործառնելու տարբեր աստիճանները ապահովում են միջմշակութային իրազեկության տարբեր մակարդակներ, այն է՝ գոյատևման համար անհրաժեշտ մակարդակ, օտար մշակույթի մեջ մուտք գործելու համար բավարար մակարդակ, նոր մշակույթում լիարժեքորեն ապրելու, այն յուրացնելու համար անհրաժեշտ մակարդակ, լեզվակիր անձի նույնականությունը լիակատար կերպով իրագործելու հնարավորություն տվող մակարդակ: Նշվեց, որ միջմշակութային համարժեք ըմբռնման և արդյունավետ գործունեության համար միջմշակութային հաղորդակցական համատեքստում հարկավոր է ուղիղ համեմատական կախվածություն լեզվական, հաղորդակցային ու մշակութային իրազեկությունների մակարդակների միջև: Անհամաչափության դեպքում շատ մեծ է չհասկացվածության հավանականությունը, քանի որ լեզվին հրաշալի տիրապետող մարդուց ակնկալում են մշակութային գրագիտության համապատասխան մակարդակ և նրան դիմում են որպես կրողի՝ ակնկալելով, որ նա տիրապետում է բավականաչափ ծավալով մշակութաբանական տեղեկատվություն:
Գիտագործնական սեմինարն ավարտվեց միջմշակութային ցանց խաղով, որի ընթացքում մասնակիցները տարբեր լեզուներով ներկայցրին իրենց հետաքրքրությունները: