Ձևավորված ավանդույթի համաձայն 2016թ. դեկտեմբերի 8-ին Եվրասիա միջազգային համալսարանի կառավարման ամբիոնի 4-րդ կուրսի ուսանողուհի Անի Վարդանյանը ներկայացրեց իր միջազգային փորձը ԵՄՀ ուսանողներին։ Էրազմուս Մունդուս միջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում նա մեկ ակադեմիական տարի ուսումնառությունը անցկացրել էր Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում: Ա.Վարդանյանը ուսանողներին ներկայացրեց համալսարանի կրթական գործունեության առանձնահատկությունները` ընդգծելով թե´ դրական, և թե´ բացասական կողմերը, այնուհետև անդրադարձավ «Սոցիալ-մեդիա մարքեթինգ» թեմայով իր զեկույցին: Նա իր խոսքում հատկապես մեծ կարևորություն տվեց սոցիալ-մեդիա մարքեթինգի զարգացմանը, որը արդի ժամանակաշրջանում հանդիսանում է ինչպես իննովացիոն տեխնոլոգիաների, բիզնես գաղափարների զարգացման և տարածման աղբյուր, այնպես էլ մի շարք գործարքների իրականացման կարևոր բաղկացուցիչ մաս: Զեկուցողը օրինակներով փաստեց ոչ միայն վերը նշված գործոնների արդիականությունը, այլ նաև շեշտեց սոցիալ-մեդիա մարքեթինգի տարրերի կիրառման անհրաժեշտությունը կազմակերպություններում անձնակազմի կառավարման ժամանակ:
Զեկույցի եզրափակիչ մասում Անի Վարդանյանը ուսանողների հետ կիսվեց Իսպանիայից ստացած իր տպավորություններով, որոնք նպաստեցին իր անձնական աճին, խորհուրդ տվեց ուսանողներին լինել առավել ակտիվ, նախաձեռնող և համարձակ:
Հանդիպումը աչքի ընկավ իր ակտիվությամբ, ինչի ապացույցը ուսանողների հարցադրումներն էին, որոնք առնչվում էին ոչ միայն Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանի կրթական գործընթացին, այլ նաև Իսպանիայի մշակույթին և երիտասարդական ակտիվ գործունեության ծավալմանը:
Հիշեցնենք, որ հանդիպմանը ներկա էին համալսարանի ուսանողները, մագիստրանտները և դասախոսները: