Մարտի 22 2024

Ուսանողների գիտական հաջողությունները

Կառավարման և ՏՏ ամբիոնի մագիստրատուրայի «Շրջանաձև տնտեսություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի, «Եվրասիա» հետազոտական կրթաթոշակակիր Փարիզա Մոգհադամի գիտական հետազոտությունը «Տեխնոլոգիական և էկոլոգիական աղետները և դրանց ազդեցությունը տնտեսության վրա. տնտեսական մոդելում՝ հիմնված Բհոպալ գազի աղետի վրա» վերտառությամբ լույս է տեսել Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի պարբերականի հերթական համարում։

Հոդվածը ուսումնասիրում է էկոհամակարգերի վրա մարդու կողմից առաջացրած բնապահպանական սպառնալիքների ազդեցությունը, կառավարությունների և մասնավոր հատվածի կողմից կրած բնական աղետների շոկային ծախսերը, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ տնտեսական ազդեցությունները, որոնք առաջանում են մարդու կողմից ուղղակի կամ անուղղակի ազդեցության հետևանքով: Հոդվածում Բհոպալի գազի ողբերգությունը դիտարկվում է որպես թեմատիկ ուսումնասիրություն իր տարբեր բնութագրերով՝ ուսումնասիրելու տեխնածին աղետների տնտեսական, բնապահպանական և սոցիալական կողմերը, ինչպես նաև առաջադրելու արդյունավետ և կենսունակ կառավարման ռազմավարություն և համարժեք արձագանք ապագա հնարավոր աղետներին:

Վերլուծության մեջ քննարկվել են աղետների կառավարման մեջ I/O (մուտքային/ելքային) մոդելավորման հետ կապված ընթացիկ հետազոտությունները՝ կենտրոնանալով բնական աղետների ազդեցությունը վերլուծելու և կանխատեսելու համար մաթեմատիկական մոդելների օգտագործման վրա:

Հոդվածն ամբողջության հասանելի է Բանբեր ԵՄՀ պարբերականի հերթական համարում https://banber.eiu.am/index.php/banber/article/view/245/265

Հավելենք, որ հետազոտությունը ներկայացվել էր Եվրասիա միջազգային համալսարանում  2023թ. մարտի 2-ին տեղի ունեցած «Գլոբալ մարտահրավերը և կայուն զարգացումը» թեմայով ուսանողական գիտաժողովին և հանձնաժողովի կողմից արժանացել տպագրության հավանության։