Փետրվարի 12 2017

Learning Inside Out ծրագրի ուսանողները Սբ. Սարգսի տոնի մասնակից

Learning Inside Out ծրագրի ուսանողներ Էրիկայի և Դենիելի մշակութային կողմնորոշման երկրորդ օրը համընկավ Սուրբ Սարգսի տոնի հետ: Տոնի նախորդ օրը ուսանողները, հետևելով բոլոր կանոններին, կերել էին աղաբլիթ և նույնիսկ երազ տեսել: Սուրբ Սարգսի տոնին Էրիկան և Դանիելն այցելեցին Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ ականատես եղան հարսանեկան արարողության: Նրանք չմնացին դիտորդների դերում,  նույնիսկ արարողության վերջում նորապսակների հարազատների հետ միասին շնորհավորեցին զույգին հայերենով.- «Շնորհավորում եմ»: Ուսանողների համար զարմանալի էր տեսնել եկեղեցու բաց դռներ նման արարողության ժամանակ, ինչը վկայում է փոխվստահության, երջանկությունը կիսելու ցանկության և հյուրընկալության մասին:

Հիշեցնենք, որ Բոսթոնի Սթոնհիլ քոլեջի ուսանողները  ժամանել են  Հայաստան իրականացնելու իրենց հետազոտական պրակտիկան «Թրասփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում, «Եվրասիա համագործակցություն» ու «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամներում: Իրականացրած համապատասխան հետազոտությունները Էրիկան և Դենիելը կներկայացնեն միջազգային կոնֆերանսին, որը տեղի կունենա հունիսին Եվրասիա միջազգային համալսարանում:

Կոնֆերանսին կարող են մասնակցել ինչպես Հայաստանի բուհերի, այնպես էլ միջազգային ուսանողները(բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա):