Փետրվարի 11 2017

Learning Inside Out ծրագրի շրջանակներում հայկական ուտեստների համտեսում

Learning Inside Out ծրագրի շրջանակներում իրենց հետազոտական պրակտիկան Հայաստանում անցնելու համար  ԱՄՆ-ից ժամանած ուսանողներ Էրիկան և Դենիելը շարունակում են ծանոթանալ Հայաստանին և բացահայտել իրենց համար այդքան նոր և հետաքրքիր մշակույթը: Մշակութային կողմնորոշման կարևոր մաս է կազմում ծանոթացումը տվյալ երկրի խոհանոցին: Այդ ծանոթացումը տեղի ունեցավ հայկական խոհանոցը բազմակողմանիորեն ներկայացնող մի ռեստորանում, որտեղ ուսանողները ոչ միայն կարողացան համտեսել ավանդական հայկական ճաշատեսակներ, այլև ականատեսն ու մասնակիցը եղան հայկական պարերի: Ընթրիքին հրավիրված էր նաև Սննդագիտության դոկտոր, ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը, ով մանրամասն ներկայացրեց հայկական խոհանոցը, իր խորհուրդներով օգնեց ընտրել ոչ միայն համեղ, այլև առողջ սնունդ:

Մշակութային  այս կողմորոշումը ծանոթացրեց ուսանողներին հայկական ուտեստներին, իսկ առջևում նրանց սպասվում է այցելություն Հայաստանի պատմության թանգարան, մասնակցություն Սուրբ Սարգսի տոնակատարությանը և Տյառնընդառաջին:

Ծրագրի ավարտին Էրիկան և Դենիելը կմասնակցեն հունիսին Եվրասիա միջազգային համալսարանում կայանալիք միջազգային կոնֆերանսին, որտեղ հնարավորություն կստանան ներկայացնել 4 ամսվա ընթացքում իրենց կատարած հետազոտությունները: Կոնֆերանսին կարող են մասնակցել նաև ինչպես հայաստանյան բուհերի, այնպես էլ միջազգային ուսանողներ (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա):