Դեկտեմբերի 08 2016

 ԵՄՀ-ի  ուսանողները շարունակում են կիսվել արտասահմանյան փորձով

 

            Ձևավորված ավանդույթի համաձայն 2016թ. դեկտեմբերի 8-ին Եվրասիա միջազգային համալսարանի կառավարման ամբիոնի 4-րդ կուրսի ուսանողուհի Անի Վարդանյանը ներկայացրեց իր միջազգային փորձը ԵՄՀ ուսանողներին։ Էրազմուս Մունդուս միջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում նա մեկ ակադեմիական տարի ուսումնառությունը  անցկացրել էր  Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում: Ա.Վարդանյանը ուսանողներին ներկայացրեց համալսարանի կրթական գործունեության առանձնահատկությունները` ընդգծելով թե´ դրական, և թե´ բացասական կողմերը, այնուհետև անդրադարձավ  «Սոցիալ-մեդիա մարքեթինգ» թեմայով իր զեկույցին: Նա իր խոսքում հատկապես մեծ կարևորություն տվեց սոցիալ-մեդիա մարքեթինգի զարգացմանը, որը արդի ժամանակաշրջանում հանդիսանում է ինչպես իննովացիոն տեխնոլոգիաների, բիզնես գաղափարների զարգացման և տարածման աղբյուր,  այնպես էլ մի շարք գործարքների իրականացման կարևոր բաղկացուցիչ մաս: Զեկուցողը օրինակներով  փաստեց ոչ միայն վերը նշված գործոնների արդիականությունը, այլ նաև շեշտեց սոցիալ-մեդիա մարքեթինգի տարրերի կիրառման անհրաժեշտությունը կազմակերպություններում անձնակազմի կառավարման ժամանակ:

            Զեկույցի եզրափակիչ մասում Անի Վարդանյանը ուսանողների հետ կիսվեց Իսպանիայից ստացած իր տպավորություններով,  որոնք նպաստեցին իր անձնական աճին, խորհուրդ տվեց ուսանողներին լինել առավել ակտիվ, նախաձեռնող և համարձակ:

            Հանդիպումը աչքի ընկավ իր ակտիվությամբ, ինչի ապացույցը ուսանողների  հարցադրումներն էին, որոնք առնչվում էին ոչ միայն Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանի կրթական գործընթացին, այլ նաև Իսպանիայի մշակույթին և երիտասարդական ակտիվ գործունեության ծավալմանը:

Հիշեցնենք, որ հանդիպմանը ներկա էին համալսարանի ուսանողները, մագիստրանտները և դասախոսները: