Հոկտեմբերի 17 2016

Վարպետության դաս մարքեթինգային ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ

 

img_9188Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման և ՏՏ ամբիոնում 2016թ. հոկտեմբերի 11-ին անցկացվեց վարպետության դաս՝ «Մարքեթինգային հետազոտություների ժամանակակից տեխնոլոգիաները» թեմայով: Դասը վարեց Նեյրոհաբ Բիզնես Ակադեմիայի ղեկավար Անի Կյուրեղյանը:

Ա.Կյուրեղյանը լուսապատկերի միջոցով ներկայացրեց մարքեթինգային հետազոտությունների ժամանակակից տեխնոլոգիաների /նեյրոմարքեթինգի/ էությունը, մեթոդները: Դասընթացավարը մասնավորապես խոսեց նեյրոմարքեթինգի` որպես նոր սերնդի մարքեթինգի  մասին, որը այսօր ոչ միայն ամենաուսումնասիրվող և արդյունավետ կիրառվող ոլորտ է, այլև  որակական թռիչք է նախապատրաստել  ժամանակակից մարքեթինգում:  Նեյրոմարքեթինգը այնպիսի հարցերի պատասխաններ է տալիս, որոնք մինչ այսօր մարքեթինգի մասնագետների համար անհասանելի էին.  ինչպես  է մարդու վարքը կառավարվում նրա զգացողություններով և ինչպես կարելի է այդ ազդեցությունների միջոցով մարքեթինգային ճիշտ գործունեություն ծավալել: Այլ կերպ ասած` օգտագործել նեյրոմարքեթինգ հասկացությունը շուկայում շահույթ, հավատարիմ  հաճախորդներ, վստահության դաշտ ապահովելու, ապրանքանիշը շուկայում դիրքավորելու  համար: Ա.Կյուրեղյանը  հանգամանալից բացատրեց նաև մարդու  զգայարանի վրա դրական ազդեցություն ունենալու միջոցով  ապրանքի բրենդավորման, փաթեթավորման, այն  գնորդին  ճանաչելի և սիրելի  դարձնելու մասին: Իր խոսքում նա  անդրադարձավ  այս ոլորտի  հիմնախնդիրներին և ներկայացրեց առաջարկություններ դրանց հաղթահարման ուղղությամբ` հիմնվելով միջազգային փորձի վրա:

Դասն անցկացվում էր ինտերակտիվ մեթոդով` պրակտիկ օրինակների հիման վրա: Ամփոփման ժամանակ Ա. Կյուրեղյանը կազմակերպեց գործնական առաջադրանք` հետաքրքիր խնդիր-լուծում` ընդգրկելով բոլոր մասնակիցներին: Հանձնարարված առաջադրանքը հաղթահարած երեք մասնակցի հնարավորություն է ընձեռնվել իրենց նախընտրած թեմայի շրջանակներում  մասնագիտական վերապատրաստում անցնել Նեյրոհաբ Բիզնես Ակադեմիայում:

Հավելենք, որ սեմինարին  մասնակցում էին Կառավարման և ՏՏ ամբիոնի ուսանողներ, մագիստրանտներ, ինչպես նաև տարբեր ամբիոնների դասախոսներ: