Դեկտեմբերի 06 2016

«Ուսումնական գործունեության մոտիվացիայի բարձրացման ուղիներն ու եղանակները»խորագրով սեմինար- քննարկում

 

Դեկտեմբերի 6–ին Օտար լեզուների ամբիոնում հ.գ.թ. Ա. Առաքելյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Ուսումնական գործունեության մոտիվացիայի բարձրացման ուղիներն ու եղանակները» խորագրով սեմինար- քննարկումը: Սեմինարի նպատակն էր քննարկել ուսանողների ուսումնական մոտիվացիան, վերջինիս վրա ազդող օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, ուղիներ մշակել բարձրացման ուղղությամբ:  Քննարկմանը մասնակցում էին ամբիոնի դասախոսները, Օտար լեզուների ֆակուլտետի 3-րդ, 4-րդ կուրսերի ուսանողները: Հարցադրումներն արդիական էին, այդ իսկ պատճառով քննարկումը բուռն ու ակտիվ ընթացք ունեցավ: Հնչեցին տարբեր կարծիքներ, տեսակետներ: Դասախոսները ներկայացրեցին իրենց փորձառության արդյունքները: 

    Ամբիոնի հոգեբանության և մանկավարժության դասախոս, հ.գ.թ Ա. Առաքելյանն իր խոսքում ուսումնական գործունեության մոտիվացիայի բարձացման գործընթացում կարևորեց ուսանողների անհատական առանձնահատկությունների, մասնավորապես խառնվածքի և բնավորության գծերի հաշվառման հարցը: Նա նշեց, որ խառնվածքի տարբեր տիպերին պատկանող ուսանողների նկատմամբ անհրաժեշտ է խրախուսման և պատժի տարբեր եղանակներ և մոտեցումներ կիրառել:

     Բ.գ.թ. Ի. Մխիթարյանը կարևորեց ուսումնական նյութերի բովանդակության ընտրությունը: Ամբիոնի դոցենտ Մ. Դարաբյանը շեշտադրեց ուսումնառության համագործակցային  տարբեր մեթոդների արդյունավետ կիրառման խնդիրը: Այս հարցի վերաբերյալ Ա. Առաքելյանն ավելացրեց, որ յուրաքանչյուր կուրսի հետ աշխատելիս կարելի է ընտրել արդյունավետ մեթոդների համախումբ:

Ամբիոնի վարիչ բ.գ.թ. Ս. Հակոբյանն անգլերենի դասավանդման մեթոդների ու հնարների օրինակներ ներկայացրեց, որոնք բավականին բարձրացնում են ուսանողների ուսումնական գործունեության մոտիվացիան, ակտիվացնում նրանց իմացական պահանջմունքները:

Դասախոսներին հետաքրքիր էր նաև ուսանողների կարծիքները, տեսակետները: Ուսանողները՝ որպես մոտիվացիայի թուլացման գործոններ, նշեցին ծուլությունը, նյութի բովանդակությունն ու բարդությունը, ուսումնական ծանրաբեռնվածությունը: Նրանք հնչեցրեցին հարցեր, որոնց պատասխանեցին ամբիոնի դասախոսները:  

Քննարկման արդյունքում փաստվեց նաև, որ ուսումնական դրական մոտիվացիայի ձևավորման կարևոր գործոններից է դասախոսի մանկավարժական գործունեության ոճը, դասախոսի՝ ուսանողների հետ հաղորդակցման և նրանց ուսումնական գործունեությունը կազմակերպելու կարողությունները:

Քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ ուսումնական գործունեության մոտիվացիան կբարձրացնի նաև ուսումնական գործունեության կազմակերպման խմբային և թիմային աշխատանքները: Ամբիոնի դոցենտ Ք. Հարությունյանը նշեց, որ նմանատիպ աշխատանքներում ընդգրկվում են անգամ պասսիվ, թույլ դրդապատճառավորված սովորողները:

Վերջում հ.գ.թ Առաքելյանը ներկայացրեց գնահատման և գնահատականի ազդեցության առանձնահատկությունները ուսումնական մոտիվացիայի վրա՝ կարևորելով համարժեք և օբյեկտիվ գնահատման խնդիրը: Նա նշեց, որ չափից հաճախակի գնահատումը, թվանշանի նշանակությունը հանգեցնում է նրան, որ լավ գնահատական ստանալը սովորողի համար դառնում է ինքնանպատակ: