Հոկտեմբերի 05 2016

Որակյալ ուսուցում առանց շղարշի

Հանրապետության մի շարք լրատվամիջոցներում լույս է տեսել Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր՝աշխ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ս. Օհանյանի «Որակյալ ուսուցում առանց շղարշի» վերնագիրը կրող հոդվածը, որը ներկայացնում ենք կայքի այցելուներին:

Այս ուսումնական տարվա ընդունելության քննությունները բացահայտեցին բուհերի և նրանց առանձին մասնագիտությունների միջև դիմորդների հավաքագրման ակնառու տարբերություններ: Առանձնացվեցին դիմորդների ամենաշատ, միջին և քիչ ու շատ քիչ թվաքանակով բուհեր և մասնագիտություններ: Էական տարբերություններ առաջացան արդեն մի քանի քառորդ դար իներցիոն ուժով գործող և հասարակությանը շատ հայտնի ավանդական պետական բուհերի ու նորաստեղծ և դեռևս քիչ ճանաչելի ոչ պետական բուհերի միջև: Ընդ որում, այս վերջին տարբերությունը հաշվարկված էր և սպասված, որովհետև նպատակայնորեն արդեն փոխվել էին ոչ պետական բուհերի ընդունելության «խաղի կանոնները», որոնք և մեծ դեր ունեցան այսօրվա իրադրության համար,  ինչը տրամաբանորեն բխում է անհամարժեք հատկանիշներով բուհերի մրցակցությունից: Նկատենք, որ այս անհամապատասխանությունը բնորոշ է անցումային տնտեսություն ունեցող երկրներին, որոնք սոցիալ-տնտեսական զարգացման ավելի բարձր փուլ անցնելուց հետո առանձնանում են արդեն բոլորովին հակառակ օրինաչափությամբ՝ նախապատվությունը զիճելով մասնավոր բուհերին:

Այս ներածական-ընդհանրացումից հետո խոսքս ուղղում եմ բուհական համակարգի այն «պատասխանատուներին», ովքեր, օգտվելով ստեղծված իրավիճակից, ուսումնական հաստատության գնահատման համար սկսել են հպարտությամբ օգտագործել դիմորդների ակտիվությունը, քանակը: Դիմելով բուհերի պատասխանատուներին ուզում եմ նշել, որ քանակական տվյալներով պայմանավորված  այս ինքնագոհ վիճակը երկար տևել  չի կարող, որովհետև ներկայիս կրթական գործոնները բոլորովին օրինաչափ չեն:

Ստորև ներկայացնենք մեր նկատառումները այդ հարցի վերաբերյալ:

Նախ, եթե ընդունելության քննություն չի կազմակերպվում կամ հիմք է ընդունվում ատեստատի գնահատականը, որը լիովին կարող է չհամապատասխանել դիմորդի ցուցաբերած իրական գիտելիքին, ապա որակյալ բարձրագույն մասնագիտական կրթության մասին խոսելիս պետք է համեստ լինել: Իսկապես, եթե բուհը կանխավ գործ ունի թույլ դիմորդի հետ, ուրեմն բուհին վիճակված է աշխատել նաև թույլ ուսանողի հետ, ով և կդժվարանա  ապահովել որակյալ կրթությանը ներկայացվող ներկայիս պահանջները: Եթե նախադեպ է ընդունվում եվրոպական երկրների կրթական առաջավոր փորձը, ապա պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ այնտեղ  կրթական բոլոր ծրագրերի ավարտին թե´ աշակերտին, և թե´ դիմորդին արհեստականորեն գնահատական չեն շռայլում, թվանշանի արժեզրկում տեղի չի ունենում: Բուհեր են դիմում միմիայն բարձրագույն մասնագիտական կրթության նկատմամբ գիտակցված և բարձր մոտիվացվածություն ունեցող երիտասարդները, ովքեր աշխատաշուկա են մտնում կա´մ սովորելիս, կա´մ էլ ավարտելուց հետո: Այդ դիմորդը գիտի, որ իր հետագա կարիերայի բարեկեցությունը կախված է որակյալ մասնագետ դառնալու հանգամանքից և այդ երկրներում բարձրագույնում սովորելը մեր երիտասարդների նման բաղձալի նպատակ չի, որովհետև շրջանավարտների մեծ մասը դիմում է նախընտրելի քոլեջ և ավելի շուտ մտնում աշխատաշուկա: Դիմորդը կանխավ նպատակադրված ծրագիր է ընտրում:

Այս երկրորդ հանգամանքը նույնպես փաստում է կրթական համակարգի գործունեության դեռևս ինքնանպատակ լինելու մասին: Ինչպես նշում են կրթական համակարգի պատասխանատուները, ելնելով անցումային փուլի դժվարություններից, գիտելիքի գնահատման պահանջը հասցված է նվազագույնի: Դիմորդը միասնական քննական համակարգով 8 միավոր ստանալուց հետո հպարտությամբ զբաղեցնում է բուհի առաջին կուրսի առաջին շարքի ամենաառջևի սեղանը, սակայն դա իրականում համապատասխանում է 3-4 միավորի (20 միավորից բաղկացած համակարգով գնահատելիս): Ահա հենց այս ցածր կարողության գիտելիքով օժտված հազարավոր դիմորդներ «հաջողությամբ հաղթահարում են» բուհերի ընդունելության շեմը, 4 տարի «սովորում են» բակալավրիատում և նույն ոգևորությամբ երկու տարի էլ մագիտրատուրայում, որը դեռևս լիարժեք չի էլ գործում այդ կրթական ծրագրին ներկայացվող  իրական պահանջներով:

Արդյունքում ընդունելության այս կարգը բերկրանքի բազմաթիվ պահեր է պարգևում բուհերի ղեկավարությանը, որովհետև ֆինանսական մուտքերի ծավալը ապահովվում է ու դասախոսական կազմը ինքնագոհ շարունակում է իր ինքնանպատակ աշխատանքը: Ընդ որում, այդ դասախոսների ճնշող մեծամասնությունը գոնե չեն էլ մտածում ինքնավերապատրաստվել և  անցնել ուսուցման նոր ու արդյունավետ տեխնոլոգիաների՝ուղիներ փնտրելու ուսանողների մոտ նկատվող մնացորդային գիտելիքի պաշարը համալրելու, մրցակցային նոր պահանջներից ելնելով՝ ընտրելու ուսուցման այնպիսի արդյունավետ եղանակներ, որպեսզի ուսանողի մոտ բարձրանա ընտրված մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը:

Ընդհակառակն, իրենց առջև ոչ միշտ լուրջ նպատակ ունեցող ուսանողները, ինքնագոհ ավարտելով համբավ ունեցող բուհերը, դիպլոմները ձեռքերին ներկայանում են գործատուներին: Վերջիններս նրանց հրավիրում են մրցույթի, որն ավարտվում է մասնագիտական փորձի և գիտելիքի, մասնագիտական առաջնային հմտությունների և այլն անբավարար ամփոփումներով: Արդյունքում, մասնագիտական աշխատաշուկան տարիներ շարունակ այդպես էլ չի հագենում ժամանակի պահանջները բավարարող մասնագետներով. կառավարիչների, մարկետոլոգների, ձեռներեցների, ծրագրավորողների, մանկավարժների (ֆիզիկայի, մաթեմատիկայի, քիմիայի, կենսաբանության, ֆիզդաստիարակության), բժշկական, գյուղատնտեսական և շատ այլ մասնագիտությունների պակասը բացասական հետևանքներ են առաջացնում համապատախան ոլորտների զարգացման վրա: Այլ կերպ ասած՝ այսօր էլ աշխատաշուկան որակյալ մասնագետի կարիք ունի. միայն համապատասխան առաջարկն է պակաս:

Հանրահայտ փաստ է, որ տնտեսության զարգացման մակարդակը ուղիղ համեմատական է բարձրագույն մասնագիտական կրթության զարգացման մակարդակին: Այսօր զարգացման ի՞նչ մակարդակ ունի բարձագույն կրթությունը, որակական ի՞նչ գիտելիքներով է զինված դասախոսը, բուհերը կարողանու՞մ են տնտեսության նոր պահանջներին համահունչ մասնագետներ վերարտադրել: Այդ խնդիրները լուծելու նպատակով բուհական մասնագիտությունները նախ և առաջ պետք է ինտեգրված լինեն աշխատաշուկային, որպեսզի շրջանավարտները ձեռք բերեն նաև գործնական մասնագիտական հմտություններ ու կարողություններ, որոնք պետք է դրված լինեն շրջանավարտի կրթական ծրագրի վերջնարդյունքների գնահատման հիմքում և անկողմնակալ հաշվի առնվել: Այո´, այս հարցերը ինչ որ տեղ շատ ծեծված հարցեր են, հայտնի են ամենքին, բայց և այնպես գործնականորեն դժվարությամբ են իրագործվում, բուհերի կողմից շահագրգռվածությունը դեռևս  բավականին ցածր է: Անշուշտ տնտեսության  զարգացմանը խոչընդոտում են բազմաթիվ գործոններ, և չի կարելի ամեն ինչ պայմանավորել միայն կրթությամբ , սակայն բարձրագույն մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետների և հատկապես մասնագիտական նախաձեռնությունների պակասը, նորարարությունների ներդրման ցածր տեմպերը, գիտելիքահեն և գիտատար տնտեսության ոլորտների նկատմամբ ոչ այնքան բարձր ակտիվությունը և այլն էական ազդեցություն են ունենում տնտեսության զարգացման վրա: Տնտեսությունը իրավամբ որակյալ մասնագետների մեծ պահանջարկ ունի, որը ավելի կսրվի, եթե կատարվեն հանրապետության տնտեսության ոլորտային և կառուցվածքային փոփոխություններ. նոր ոլորտների գործարկման խնդիր առաջանա: Այս դեպքում արդեն կընդգծվի բուհերի կրթական գործունեության իրական պատկերը:

Որպեսզի մեր ասելիքը նույնպես ինքնանպատակ չլինի, փորձենք ձևակերպել այն մի քանի ընդհանրացված ցուցանիշներով, որոնք, նակալի կլինի, բուհերի ղեկավարության կողմից այսուհետ բարձրաձայնելու.

Ըստ մասնագիտությունների բուհի տվյալ ուսումնական տարվա շրջանավարտների մասնագիտական աշխատանքի անցածների, միջազգային կառույցներում աշխատանքի ընդունվածների, ինքնանախաձեռնությամբ փոքր և միջին բիզնես հիմնելու և նոր աշխատատեղեր բացելու, սովորողների կողմից գիտական հոդվածներ հրատարակելու, հանրապետության հեռավոր բնակավայրերում աշխատատեղերը համալրելու, եվրոպական առաջավոր համալսարաններում կիրառվող ուսուցման մեթոդների և կրթական մշակույթի համապատասխանության, բուհերի համաշխարհային հայտնի վարկանիշավորման համակարգերում տարեցտարի ավելի բարձր տեղեր զբաղեցնելու և այլ որակական բնութագրումների վերաբերյալ տեղեկատվություն:

Միայն այս որակական տեղեկատվության դրական բնութագրումների կամ ընթացքի դեպքում, իրոք, բուհերի պատասխանատուները կարող են ներկայացնել իրենց կատարած աշխատանքը , սակայն դիմորդների թվով  բուհի աշխատանքի գնահատումը ոչ միայն արժանահավատ ցուցանիշ չէ, այլև վնասակար ՝ նախ և առաջ կրթության որակը շղարշելու կամ շրջանցելու միջոց:

Սուրեն Օհանյան

աշխ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր