Դեկտեմբերի 12 2016

Մեկ օր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում

Մարդու իրավուքների համընդհանուր հռչակագրի 68-րդ տարելիցի կապակցությամբ Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի ուսանողները 2016թ. դեկտեմբերի 12-ին կատարեցին ճանաչողական այց Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որն իր առաքելությանն ու մանդատին համահունչ ամենօրյա գործունեությամբ քայլեր է ձեռնարկում մարդու իրավունքների և ազատությունների թույլ տրված խախտումները վեր հանելու, ինչպես նաև  դրանց վերացմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու ուղղությամբ:

Այցը բաղկացած էր երկու մասից. առաջին մասում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը ուսանողներին ներկայացրեց պաշտպատնի գործունեությունը, սպասվելիք իրավական բարեփոխումները, գրասենյակի և մարզային ստորաբաժանումների գործառույթները և այլն, որի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում։

Հանդիպման երկրորդ մասում կազմակերպվեց շրջայց, որը մեկնարկեց ուսանողներին դիմումների ընդունման գործընթացը ներկայացնելուց, այնհուհետև կատարվեց այց  քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչություն, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչություն, քրեադատավարական և զինծառայողների իրավունքների պաշտպանության վարչություն, արագ արձագանքման վարչություն, իրավական վերլուծության վարչություն, միջազգային համագործակցության վարչություն, երխաների իրավունքների պաշտպանության բաժին, քաղաքացիների ընդունելության և նամակների բաժին։ Ուսանողները հանդիպեցին նաև Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանի հետ, որը սպառիչ և բովանդակալից պատասխաններ տվեց ուսանողների կողմից հնչեցված հարցերին։ 

Այցը հագեցած էր ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքների ձեռքբերմամբ։

Նմանատիպ հանդիպումները կրում են շարունակական բնույթ։