ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ

Եվրասիա միջազգային համալսարանում գործում են ուսման վարձի փոխհատուցման տարաբնույթ հնարավորություններ` ըստ ուսանողի սոցիալական կարգավիճակի և առաջադիմության: Համալսարանում գործում են նաև ուսանողական աշխատատեղեր (համակարգչային լսարանում, հյուրատանը, ակադեմիական զարգացման և որակի ապահովման կենտրոնում և այլն), որոնք ոչ միայն ուսման վարձի փոխհատուցման, այլև գործնական հմտությունների ձեռքբերման և զարգացման լավագույն միջոցներից են: Համալսարանում աշխատանքային հնարավորությունների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկանալու և համապատասխան աշխատանք գտնելու նպատակով խորհուրդ ենք տալիս այցելել համալսարանում գործող կարիերայի կենտրոն:

 

Համալսարանում գործող ուսանողական նպաստները ձևակերպվում և տրամադրվում են 1-ին կուրսի սկզբում և պարտադիր կարգով վերանայվում են յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում:

Ուսանողական բոլոր տեսակի զեղչերից օգտվելու համար դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր տարվա օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում: Դիմումների քննարկումը կազմակերպվում է ընդունող հանձնաժողովի կողմից: Դիմումների ընդունման վերջնաժամկետի ավարտից հետո քննական կամ ստուգարքային պարտքեր ունեցող ուսանողների դիմումները ենթակա չեն քննարկման:

 

Հարգելի պատճառով (ակադեմիական արձակուրդի, առողջական վիճակի, զինծառայության մեկնելու կամ ուսանողական փոխանակման ծրագրերով արտասահման ուսումնառության գործուղվելու կապակցությամբ) ուսումնառությունն ընդհատած ուսանողի կարգավիճակի վերականգնման դեպքում պահպանվում է նախկինում ունեցած ուսանողական նպաստ ստանալու իրավունքը:

Սոցիալական աջակցություն

Համալսարանի կողմից տրամադրվում է նաև սոցիալական աջակցություն հետևյալ կարգավիճակն ունեցող անձանց.

  • սոցիալապես անապահով   և  ծնողազուրկ  ընտանիքի  ուսանողներ՝     50%  զեղչ
  • բանակից զորացրվածներ՝    25%  զեղչ
  • զեղչ`սահմանամերձ բնակավարերից  ուսանողներ՝  30%

Վերոհիշյալ նպաստները տրամադրվում են համալսարանի հիմնադիրների խորհրդի կողմից` համապատասխան որոշման առկայության դեպքում: Համալսարանը համագործակցում է նաև Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի հետ և, հնարավորության դեպքում, նպաստներ են տրամադրվում նաև վերոհիշյալ հիմնադրամի կողմից:

Թուրփանջյան կրթաթոշակ

Համալսարանը համագործակցում է նաև Հայաստանի ամերիկյան  համալսարանի Թուրփանջյան ընտանեկան բարեգործական հիմնադրամի հետ և, հնարավորության դեպքում, նպաստներ են տրամադրվում նաև վերոհիշյալ հիմնադրամի կողմից:

Թուրփանջյան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը հնարավորություն է տալիս իր սաներին երկարատև ներդրում ունենալ Հայաստանի քաղաքական, հասարակական և տնտեսական զարգացման մեջ: Թուրփանջյան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրն ուղղված է մասամբ հոգալու ուսանողի ուսման վարձը իր ուսումնառության ամբողջ ընթացքում, պայմանով, որ ուսանողն ունենա ուսումնական լավ առաջադիմություն։ Կրթաշնորհները փոխանցվում են ուղղակիորեն դիմորդի ԲՈՒՀ-ին:

 


Դիմելու ընթացակարգ

  1. Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է 2017թ. մայիսի 2-ից  սեպտեմբերի 12-ը:
  2. Համալսարանի մագիստրատուրայում ուսուցումը կազմակերպվում է վճարովի հիմունքներով:
  3. Նոր մասնագիտություն ընտրած դիմորդները հանձնում են ընդունելության քննություն` ընտրված մասնագիտության բակալավրի ավարտական քննության ծրագրով:
  4. Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է մրցույթով` մրցութային հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում: Համակարգչային գիտելիքների, հատկապես Windows, Word, Excel և Internet ծրագրերի, անգլերեն կամ ռուսաց լեզվի տիրապետումը պարտադիր է բոլոր դիմորդների համար (համապատասխան առարկայի գծով դիմորդները հանձնում են թեստեր):

Սուրջ Ջոնսի անվան կրթաթոշակ

Նախատեսված է դպրոցում բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտների համար: Նախապատվությունը կտրվի Շիրակի մարզից դիմորդներին:

«Ադուրյան» կրթաթոշակ

«Ադուրյան» կրթաթոշակն առաջին անգամ կգործի 2010-2011 ուսումնական տարում: Կրթաթոշակը նպատակ ունի վերջին երկու տարիների ընթացքում զինծառայությունից վերադարձած խոստումնալից երիտասարդների համար ստեղծել կրթական հնարավորություններ և աջակցել երիտասարդներին հնարավորինս արագ գտնել իրենց տեղն աշխատաշուկայում: Կրթաթոշակն ստանալու հավակնողների համար նախատեսված դիմում հայտը լրացնելուց հետո դիմորդը հարցազրույց է ունենում հիմնադիրների խորհրդի ներկայացուցչի հետ` Ադուրյանների ընտանիքի անդամներից որևէ մեկի մասնակցությամբ: Լավագույն երկու դիմորդներն ուսումնառության առաջին տարվա ընթացքում ստանում են ՙԱդուրյան՚ կրթաթոշակ և բարձր առաջադիմություն ցուցաբերելու դեպքում ուսումնառության հաջորդ տարիներին կստանան «Եվրասիա» կրթաթոշակ:

Օհանյան կրթաթոշակ

Օհանյան կրթաթոշակը տրվում է ուսանողների 5%-ին, որոնք ունեն ամենաբարձր ՄՈԳ-ը: Այս կրթաթոշակը կազմում է ուսանողների մեկ կիսամյակի վարձի 10-100%-ը:

Բակալավրատուրայի ուսանողներին, ովքեր շահում են այս կրթաթոշակը, առաջարկվում է աշխատել ԵՄՀ-ում շաբաթական 1-10 ժամ, մագիստրատուրայի ուսանողներին` շաբաթական 2-20 ժամ: ԵՄՀ-ի բոլոր ուսանողներն իրավունք ունեն շահել այս կրթաթոշակը: Նրանք գնահատվում են ըստ ՄՈԳ-ի:

Կրթաթոշակի չափը, պարգևատրվող ուսանողների թիվը և նրանց համար սահմանված աշխատանքի տևողությունը`

Կրթաթոշակի կարգը Կրթաթոշակի չափը` ըստ ուսման վարձի Պարգևատրվում է ուսանողների թվի Աշխատանքի տևողությունը

(շաբաթվա կտրվածքով)

բակալավրատուրա մագիստրատուրա
I 100%-ը ամենաշատը 0,5%-ը 10 ժամ 20 ժամ
II 90%-ը հաջորդ 0,5%-ը 9 ժամ 18 ժամ
III 80%-ը հաջորդ 0,5%-ը 8 ժամ 16 ժամ
IV 70%-ը հաջորդ 0,5%-ը 7 ժամ 14 ժամ
V 60%-ը հաջորդ 0,5%-ը 6 ժամ 12 ժամ
VI 50%-ը հաջորդ 0,5%-ը 5 ժամ 10 ժամ
VII 40%-ը հաջորդ 0,5%-ը 4 ժամ 8 ժամ
VIII 30%-ը հաջորդ 0,5%-ը 3 ժամ 6 ժամ
IX 20%-ը հաջորդ 0,5%-ը 2  ժամ 4 ժամ
X 10%-ը հաջորդ 0,5%-ը 1 ժամ 2 ժամ

«Օհանյան» կրթաթոշակի մասին որոշումները հայտարարվում են յուրաքանչյուր կիսամյակի սկզբում և ուժի մեջ են մինչև այդ կիսամյակի ավարտը:

Եվրասիա կրթաթոշակ

Եվրասիա կրթաթոշակը տրվում է մագիստրատուրայի ուսանողներին, ովքեր ուսումնառության ընթացքում մասնակցել են գիտաժողովների և ունեցել են հրապարակումներ Եվրասիա միջազգային համալսարանի պարբերականում կամ ՀՀ-ում գրախոսվող մասնագիտական ամսագրերում: : Կրթաթոշակը կազմում է մեկ կիսամյակի ուսման վարձի 10-50%-ը: Այն հատկացվում է ուսանողների 3%-ին:

Դասավանդման կրթաթոշակ

Դասավանդման կրթաթոշակ` հատկացվում է ուսանողին որպես դասախոսի օգնական ներգրավելով դասավանդման ընթացակարգի մեջ: Դասավանդման կրթաթոշակը չի տրվում այն ուսանողներին, ովքեր շահել են «Հետազոտության», «Եվրասիա» կամ «Օհանյան» կրթաթոշակները:

Հետազոտության կրթաթոշակ

Հետազոտության կրթաթոշակը շնորհվում է Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի կողմից: Այն տրվում է այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են գիտահետազոտական աշխատանքներ կատարելու մեջ հմտություններ ու կարողություններ և պատրաստվում են մասնակցել Համալսարանի հետազոտական ծրագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներին: Կրթաթոշակը տրամադրվում է ուսանողին` հետազոտական ծրագրի ժամանակահատվածում ուսման վարձի 5%-ի չափով: Կրթաթոշակի արժանացած ուսանողները ստանում են նախապատվություն միջազգային փոխանակման ծրագրերին մասնակցելու համար: Այն չի կարող տրվել նրանց, ովքեր շահել են վերոնշյալ մրցանակներից որևէ մեկը: Հետազոտության արդյունքում ստացվելիք մրցանակի մասին տեղեկությունները հաղորդվում են յուրաքանչյուր կիսամյակի սկզբում, և հետազոտողի ու ուսանողի միջևկնքվում է պայմանագիր:

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ