Հոկտեմբերի 04 2016

Իննովացիոն զարգացման ֆինանսավորման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում

2016թ. հոկտեմբերի 3-ին Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման և ՏՏ ամբիոնի ուսանողների համար անցկացվեց գիտագործնական սեմինար՝ «Իննովացիոն զարգացման ֆինանսավորման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով: Սեմինարը վարեց Կառավարման և ՏՏ ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու  Լիլյա Ավետիսյանը: Նա մասնակիցներին ներկայացրեց Լեհաստանի` Վարշավայի Սոցիալական գիտությունների համալսարանում իր կողմից իրականացված վեցամսյա հետազոտական ծրագիրը և ծրագրի շրջանակում ձեռք բերած փորձառությունը: img_8986Մասնավորապես Լ.Ավետիսյանը խոսեց այն մասին, որ աշխարհի առաջատար իննովացիոն երկրները ապավինում են մեծ ռեսուրսների, որոնք բնութագրվում են ներդրումների ձևերի և աղբյուրների բազմազանությամբ: Պետությունն ունի նշանակալից դեր` ավելացնելով սեփական ներդրումները նոր գիտելիքների և տեխնոլոգիաների բնագավառում, խթանելով նաև մասնավոր կապիտալի ներհոսքը իննովացիոն ոլորտ` հարկային  և ֆինանսական գործիքների օգտագործման միջոցով: Լ.Ավետիսյանը իր խոսքում մասնավորապես նշեց Հայաստանի իննովացիոն զարգացման հիմնախնդիրները և ներկայացրեց իր կողմից կատարված հետազոտությունների արդյունքները՝ հիմնվելով նաև միջազգային փորձի վրա:

Ծավալվեց մտքերի փոխանակում: Բանախոսը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք առնչվում էին  ՓՄՁ իննովացիոն գործունեության ակտիվացմանը, իննովացիոն ոլորտում ՀՀ ձեռքբերումներին, իննովացիաների պետական կարգավորման ուղիներին:

Հավելենք, որ սեմինարին  մասնակցում էին  Կառավարման և ՏՏ ամբիոնի ուսանողները,  պրոֆեսորադասախոսական կազմը,  մագիստրանտներն ու ասպիրանտները: