Դեկտեմբերի 16 2016

Երիտասարդական գիտական ներուժի բացահայտման ճանապարհին

 

Ուսանողների կողմից կատարած  հետազոտական աշխատանքները ամփոփվեցին ավանդույթ դարձած ամենամյա ուսանողական գիտաժողովում, որը այս անգամ տեղի ունեցավ 2016թ․ դեկտեմբերի 16-ին։ Գիտաժողովի պաշտոնական բացմանը  իր ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր  Սուրեն Օհանյանը, ով գոհունակություն հայտնեց գիտաժողովին ուսանողների մասնակցության համար և կարևորեց  ուսանողական գիտաժողովի աշխատանքները ԵՄՀ գիտական գործընթացներում։

Ուսանողական գիտաժողի պլենար նիստը վարում էր ԵՄՀ ուսումնամեթոդական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Իրինա Բաբայանը, մասնակցում էին ինչպես ԵՄՀ ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմը, այնպես էլ փոխհամագործակցության շրջանակներում համագործակից բուհերի ուսանողները և համագործակից կազմակերպությունների ներկայացուցիչները:

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի ասպիրանտ Ռոզալիա Շահբեկյանը, ով իր հետազոտական աշխատանքը իրականացնում է ՀՀ-ում՝ ԵՄՀ բուհի շրջանակներում, հանդես եկավ «Դրամավարկային քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով, այնուհետև իրենց հետզոտությունները ներկայացրեցին ԵՄՀ ասպիրանտները։

Գիտաժողովը իր աշխատանքները շարունակեց տնտեսագիտության, իրավագիտության, օտար լեզուների և գրականության բաժիններով։ Տնտեսագիտության բաժնում աշխատանքները վարում էր Եվրասիա միջազգային համալսարանի կառավարման և ՏՏ ամբիոնի վարիչ՝ տ․գ․թ, դոցենտ Աշոտ Մարդոյանը, իրավագիտության բաժնում՝ իրավագիտության ամբիոնի վարիչ՝ ի․գ․դ․, պրոֆեսոր Գառնիկ Սաֆարյանը, օտար լեզուների և գրականության բաժնում՝ օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ՝ բ․գ.թ․ Սոնա Հակոբյանը։  Յուրաքանչյուր բաժնում ուսանողները ներկայացրեցին իրենց հետազոտական-վերլուծական աշխատանքները տարբեր թեմաներով։ Յուրաքանչյուր զեկուցողին ուղղվեցին տարաբնույթ հարցեր իր կատարած հետազոտության շրջանակներում։  Գիտաժողովին զեկույցները ներկայացրեցին ոչ միայն ավարտական կուրսերի ուսանողները, այլ նաև ԵՄՀ երկրորդ և երրորդ կուրսի ուսանողները:

Իրավագիտության բաժնում զեկույցով հանդես եկավ համագործակից ՀՀ ՊՆ Վ․Սարգսյանի անվան ռազմական համալսարանի  ուսանող՝  կուրսանտ  Հենրի Մատինյանը, ով ներկայացրեց «Հայ-լեհական հարաբերությունների արդի միտումները» թեման:

Գիտաժողովի աշխատանքները ամփոփվեցին  վկայականների հանձնման արարողությամբ։

Հավելենք, որ գիտաժողովը կրում է ամենամյա բնույթ, միտված է խրախուսելու և ակտիվացնելու ուսանողների գիտահետազոտական գործունեությունը։