Սեպտեմբերի 09 2016

Երաշխավորված կյանքի ուղեգիր

Յուրաքանչյուր ուսումնական հաստատության համար ամենանշանակալից իրադարձությունը դիպլոմների հանձնման արարողությունն է: Եվրասիա միջազգային  համալսարանը այս տարի նույնպես կյանքի ուղեգիր տվեց բազմաթիվ շրջանավարտների: Այսօր համալսարանի հանդիսությունների սրահում հավաքվածների տրամադրությունը տոնական էր: Արարողության սկզբում շրջանավարտներին ողջունեց ուսումնական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ի. Բաբայանը: Նա շնորհավորեց շրջանավարտներին և շնորհակալական խոսքեր ուղղեց համալսարանի դասախոսական և սպասարկող կազմին: Այնուհետև հանդես եկավ ԵՄՀ ռեկտոր պրոֆ. Ս. Օհանյանը: Նա ընդգծեց, որ ամենևին էլ մտահոգված չէ շրջանավարտների ճակատագրով, որովհետև նրանք ստացել են և´ տեսական, և´ գործնական մասնագիտական այնպիսի գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են այսօրվա շրջանավարտին աշխատաշուկայում հաստատուն տեղ զբաղեցնելու համար:  Նա կարևորեց նոր մեթոդաբանությամբ համեմատաբար փոքր խմբերով կազմակերպվող ուսուցումը, գործատուների հետ ակտիվ համագործակցությունը, միջազգային փոխանակման ծրագրերին ուսանողների ակտիվ մասնակցությունը:img_8418

Շրջանավարտներին ողջույնի խոսք հղեցին կառավարման ամբիոնի վարիչ դոց. Ա. Մարդոյանը, իրավագիտության ամբիոնի դասախոս Ա. Աղասյանը և օտար լեզուների ամբիոնի վարիչ Ս. Հակոբյանը:

Հետաքրքրական էր, երբ դիպլոմներ էին ստանում  նաև միջազգային փոխանակման ծրագրերին  մասնակից ուսանողները, ովքեր  դրվատանքի խոսքեր ուղղեցին համալսարանի ղեկավարությանը և հիմնադիրների խորհրդին՝այսպիսի բացառիկ հնարավորություն ընձեռելու համար:

Ներկաները առանձնապես ջերմությամբ ընդունեցին համալսարանի Կառավարման մասնագիտության մագիստրանտ Ասյա Հայրապետյանին, ով վեց ամիս տևողությամբ ուսուցումը շարունակել էր Իտալիայի Տուշիա համալսարանում և այժմ բուհը ավարտեց գերազանց առաջադիմությամբ:

     img_8441Մեծ ոգևորությամբ ներկաները դիմավորեցին ՀՀ պաշտպանության և ոստիկանության համակարգի աշխատակից-շրջանավարտներին:

Անհրաժեշտ ենք համարում հատուկ ընդգծել այն փաստը, որ բակալավրիատի բազմաթիվ շրջանավարտներ ցանկություն են հայտնել ուսուցումը շարունակելու համալսարանի մագիստրոսական կրթական ծրագրում: