Մայիսի 13 2017

Եվրասիականների այցը ՀՀ Կենտրոնական բանկ

2017 թ.-ի մայիսի 12-ին  Եվրասիա միջազգային համալսարանի  Կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողները շրջայց ունեցան  ՀՀ  Կենտրոնական բանկում: Այցը կազմակերպել էր Կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Ի. Ալեքսանյանը մասնագիտական առարկաների շրջանակներում:

Սկզբում եղավ փոքրիկ շրջայց բանկի «թանգարանային» հատվածով, որտեղ պահվում էին հին դրամները:

Բանկի աշխատակիցն  ուսանողներին ներկայացրեց   բանկի դերն ու գործունեությունը, ինչպես նաև ծանոթացրեց փողի ստեղծման պատմությանը: Ուսանողներն ուսումնասիրեցին Հին Հայաստանի մանրադրամները, թղթադրամները և դիտեցին դրանց հրատարակությունը: Ուսանողները բացահայտեցին, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով հեշտությամբ կարելի է պարզել 1000 դրամանոցի իսկությունը, բացահայտվեցին ժամանակակից թղթադրամի բոլոր գաղտնիքները, այն է, որ  դրանք պատրաստված են բամբակից և պատված են լաքով և, որ թղթադրամի շխկշխկոցը լսվում է հենց լաքի միջոցով:

Մասնագետի օգնությամբ ուսանողները հասկացան, թե ինչ է «Գնաճի հրեշը», ինչ է այն իրենից ներկայացնում, ինչպես են տեղի ունենում ինֆլյացիան և առհասարակ գնային տատանումները: Ներկայացվեց նաև Կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջը:

Աշխատակիցը տպավորված էր եվրասիականների հարցադրումներով: Տեղի ունեցած վիկտորինաների արդյունքում ուսանողներից մի քանիսը` երկրորդ կուրսի ուսանող Սամվել Ղազանչյանը հետաքրքիր և դիպուկ հարցադրումների համար, նույն կուրսի ուսանողուհի Նունե Թորոսյանն ամփոփման ժամանակ ցուցաբերած ուշադրության համար և երրորդ կուրսի ուսանողուհի Իդա Սադոյանը տրամաբանական հարցին ճիշտ պատասխանելու համար ստացան հատուկ մրցանակներ: Ի. Ալեքսանյանի խոսքով այցը տվեց իր ցանկալի արդյունքը և այցելությունները կրելու են  շարունակական բնույթ: