Դեկտեմբերի 15 2016

ԵՄՀ ասպիրանտի փորձի փոխանցումը մյուս ուսանողներին

 

            Էրազմուս Մունդուս միջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում կազմակերպվող 2016թ. աշնանային կիսամյակի հանդիպումների շարքը եզրափակեց Եվրասիա միջազգային համալսարանի «Կառավարում» մասնագիտության ասպիրանտուրայի  ուսանող Սևակ Թորգոմյանը, ով իր ուսումնառությունը անցկացրել էր Վարշավայի բնական գիտությունների համալսարանում: Ս. Թորգոմյանը 2016թ.  դեկտեմբերի 15-ին ԵՄՀ ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին  ներկայացրեց իր հետազոտությունը «Պետության դերը անշարժ գույքի բնակարանային շուկայում (արևմտյան առաջավոր երկրների օրինակով)» թեմայով: Իր հոդվածում Ս.Թորգոմյանը ուսումնասիրել և սահմանել էր անշարժ գույքի դերը և կարևորությունը տնտեսության, հասարակության և շրջակա միջավայրի համար, վերլուծել էր գոյություն ունեցող մեթոդները, որոնց միջոցով պետությունները կարգավորում են բնակարանային շուկան և սահմանել էր պետության դերը բնակարանային շուկայում, որը մեր օրերում կրում է գործարքների հիմնական մասնաբաժինը: Նա անցկացրեց համեմատականներ մի շարք երկրների և Հայասանի Հանրապետության անշարժ գույքի շուկաների միջև, անդրադարձավ երկրի տնտեսական վիճակի կարևոր բնութագրիչներից մեկին` անշարժ գույքի գներին:

            Սևակ Թորգոմյանի ելույթը ևս անմասն չմնաց հարցադրումներից, որոնք առնչվում էին նաև այս ոլորտում առկա օրենսդրական համակարգին:

            Հավելենք, որ Եվրասիա միջազգային համալսարանում առանձնահատուկ կարևորություն է տրվում ուսանողության շրջանում միջազգային փորձի փոխանակմանը` որպես ժամանակակից կրթական համակարգի բարելավման միջոց: