Նոյեմբերի 15 2016

Գործող համագործակցության խորացում

Erasmus +-ի կողմից պարբերաբար կազմակերպվող անձնակազմի փոխանակման  ծրագրերի շրջանակներում  2016թ. հոկտեմբերի 24-ին Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ.գիտ դոկտոր, պրոֆեսոր Ս. Օհանյանը հրավիրվել էր Հունաստանի Սալոնիկ քաղաքի Արիստոտել համալսարան: Այցի նպատակն էր հանդիպել ուսանողների և դասախոսների հետ, քննարկումներ անցկացնել համալսարանի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ, պայմանավորվածություններ ձեռք բերել բուհերի միջև երկկողմանի  փոխշաահավետ համագործակցության պայմանագիր կնքելու վերաբերյալ՝գործնականորեն առավել խորացնելու վերապատրաստումների և փոխանակումների շրջանակներում համագործակցությունը, ինչպես նաև մանրամասն քննարկելու  ուսանողների և անձնակազմի փոխանակումներին առնչվող ընթացակարգային նոր հարցերը:

Ծրագրով նախատեսված բոլոր հանդիպումները կայացել են: Աշխատանքային քննարկումներ են անցկացվել նաև բուհերի համագործակցությանը, զուտ մասնագիտական և կրթական համակարգին առնչվող տեսական ու գործնական հարցերի վերաբերյալ:

Տպավորիչ է եղել հատկապես Ս. Օհանյանի այցը համալսարանի Կարիերայի կենտրոն, որտեղ նա  մանրամասն ծանոթացել է, թե ինչպես կարելի է համակարգված տեղեկատվություն ստանալ համալսարանում անցկացվող դասերի և հետազոտությունների վերաբերյալ, ինչպես նաև շրջանավարտների մասնագիտական կարիերայի պլանավորման և անձնական զարգացմանը նպաստող գործոններին:

ԵՄՀ ռեկտորն  այդ հանդիպումներին ընդգծել է այն փաստը, որ դրանք վկայությունն են այն բարեկամության, որ Հայաստանը տածում է Հունաստանի հանդեպ` շեշտելով նաև հայկական կողմի պատրաստակամությունը և մեծ ցանկությունը` շարունակել այսօրինակ վերապատրաստումները և ուսանողական փոխանակումները:

Ավելին, նա այցելել է նաև Արիստոտել համալսարանի Միջազգային  հարաբերությունների բաժին, որտեղ նրան ներկայացրել են գիտահետազոտական միջհամալսարանական պայմանագրերը, որոնք նույնպես նպաստում են բուհերի միջև ակադեմիական համագործակցության ընդլայնմանը:

ԵՄՀ ռեկտորը հիացել և զարմացել է համալսարանական թանգարանով, որտեղ ցուցադրվում են այնպիսի հնագիտական եզակի նմուշներ, որոնց շնորհիվ թանգարանն ընդգրկված է միջազգային տուրիստական շրջագայությունների երթուղիներում: Ընդ որում, թանգարանը հիմնադրվել է համալսարանի դասախոսների և ուսանողների կատարած պեղումների արդյունքում:

Ս. Օհանյանը տպավորվել է նաև հույն ժողովրդի կողմից հայերիս նկատմամբ առանձնակի ջերմ  վերաբերմունքով:

Այցելությունը եղել է հագեցած և արդյունավետ. այն ևս մեկ հնարավորություն է տվել ընդգծելու երկկողմ ցանկությունը այսուհետ անել հնարավորինը, որ ամենաբարձր մակարդակի վրա գտնվող ներկայիս փոխշահավետ համագործակցությունը երկու բուհերի միջև շարունակական վերելք  ապրի: