Դեկտեմբերի 14 2016

«Ավանդական Նոր տարի և Սուրբ Ծնունդ» թեմայով վարպետության դաս

Եվրասիա միջազգային համալսարանի գրադարանում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Ավանդական Նոր տարի և Սուրբ Ծնունդ» թեմայով վարպետության դաս, որը վարեց «Կէան» Հայ ժողովրդական մշակույթի ուսումնա-գործնական կենտրոնի  մասնագետ` Վանուհի Սիմոնյանը:

Վանուհի Սիմոնյանը մանրամասնորեն խոսեց հայկական տոմարի մասին, ներկայացրեց  դրա նշանակությունը և տեսակները, այնուհետև Նոր տարվա և նրա շրջափուլերի , տոնի խորհրդի մասին:

Բանախոսը նշեց, որ ամանորյա նախապատրաստական աշխատանքներում հայ տանը ամենակարևոր դերը պատկանում էր մեծ մորը՝ նանիին: Նա էր կազմակերպում և համակարգում տան տոնական անցուդարձը և խորհուրդը: Նոր տարվա առավոտյան բոլորը լռությամբ պիտի սպասեին, թե երբ էր նանը մեղրով հյուրասիրելով բացելու բոլորի բերանը, որ քաղցր խոսք ու զրույց լսվեր տանը: Նա այդ օրը անպայման թել էր մանում և աշխատում, որ չկտրվի մանվող թելը, քանի որ դրանից էր կախված կյանքի թելի ամբողջությունը: Պատահական չէ, որ տարբեր մշակույթներում թել մանող կինը ներկայացվում է որպես կյանքի տևողության տնօրինող և խորհրդանիշ: Նման օրինակներ կան և՛ հունական դիցաբանության, և՛ հնդկացիների որմնանկարներում, և՛ եգիպտական ստելլաներում, և՛ նույնիսկ որոշ սրբապատկերներում, ուր Մարիամ Աստվածածինը թել է մանելիս էր պատկերված:

   Վ. Սիմոնյանը նաև անդրադարձավ կենաց-ծառը զարդարելու խորհրդին: Նա նշեց, որ դա արվում էր առատության, պտղաբերության ու հաջողության համար, քանի որ ծառը կյանքի, հավերժության, ծաղկման խորհուրդն ուներ: Պատահական չեն հայկական խաչքարերի վրա ծառի ճյուղավորումները: Հայերի մոտ հնուց պաշտելի է եղել խնկենին՝ որպես մաքրագործող սուրբ ծառ և Ավետիսների մեջ ծառ-խնկենու մասին շատ հիշատակումներ կան: Ծառը կապվում է նաև ընտանիքի, գերդաստանի հետ(ճյուղ, տոհմածառ, շառավիղ): Արմատներով այն կապվում է նախնյաց հոգիների հետ, իսկ ճյուղերը վերին ձգտումներն ու ընտանիքի շարունակությունն են:

Վերջում, բանախոսը հիշեց մեկ այլ հայկական ավանդական ամանորյա ավանդույթ, ըստ որի, դեռահաս պատանիները մոմերով շրջում էին տնից տուն՝ «լույս բերելով յուրաքանչյուր ընտանիքին», որի դիմաց ընտանիքի անդամները նրանց քաղցրավենիք էին հյուրասիրում: Այս փոքրիկ ավանդույթը ներկաների համար տեղում իրականացվեց. բաժանվեցին լույս խորհրդանշող մոմեր և քաղցրավենիք:

Վ Սիմոնյանի վարպետության դասը մեծ ոգևորություն առաջացրեց ներկաների մոտ: