Նոյեմբերի 16 2018
Meeting 16

Հերթական հանդիպումը «ՀՀ քոլեջների աջակցման ծրագրի» շրջանակներում

Ս.թ. նոյեմբերի 15-ին «ՀՀ քոլեջների աջակցման ծրագրի» շրջանակներում կազմակերպվեց հերթական սեմինար-պարապմունքը այս անգամ Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջում: «Հաշվապահական հաշվառման կարևորությունը կազմակերպության գործընթացում» թեմայով սեմինարը վարեց Եվրասիա միջազգային համալսարանի կառավարման ամբիոնի դասախոս, տնտ.գիտ.թեկ., դոցենտ Գևորգ Գրիգորյանը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին ոլորտին առնչվող գործնական բնույթի հարցեր և գործող Հարկային օրենսդրության մի շարք դրույթներ: Հարցադրումներով հագեցած ինտերակտիվ դասընթացը բավականին ակտիվ ընթացք ունեցավ, ինչը փաստեց քոլեջի սաների հետաքրքրությունը մատուցվող նյութի նկատմամբ:

Image 12

Հավելենք, որ նախորդ հանդիպման ժամանակ մեզ հյուրընկալեց Երևանի տարածաշրջանային N 1 պետական քոլեջը` «Մարքեթինգի դերն ու նշանակությունը ժամանակակից պայմաններում» թեմայով սեմինար-պարապմունքի շրջանակներում, որը վարեց ԵՄՀ կառավարման ամբիոնի դասախոս, տնտ.գիտ.թեկ., դոցենտ Լիլյա Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ  «ՀՀ քոլեջների աջակցման ծրագիրը» Եվրասիա միջազգային համալսարանի կողմից կազմակերպվող ամենամյա ծրագրերից մեկն է, որի հիմնական նպատակն է՝ բարձրացնել բուհի հասարակական պատասխանատվությունը, նպաստել քոլեջ-բուհ համագործակցության ակտիվացմանը և խորացնել սովորողների մասնագիտական կարողությունները: Ծրագրի շրջանակներում ԵՄՀ-ն քոլեջների ուսանողների համար անցկացվում է սեմինար-պարապմունքներ, որոնք վարում են համալսարանի` եվրոպական բուհերում վերապատրաստված մասնագիտական ամբիոնների  դասախոսները:

Եվրասիա միջազգային համալսարանը շնորհակալություն է հայտնում քոլեջների ղեկավարությանը՝ ջերմ հյուրընկալության և ակտիվ համագործակցության համար: