Մայիսի 24 2017

Օտար լեզուների ծրագրերի համապատասխանեցումը Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի մակարդակներին RELANG-ի ներկայացումը Եվրասիա միջազգային համալսարանում

 

Ս.թ. մարտի 29-30-ը Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանը և Եվրոպայի Խորհրդի ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնը կազմակերպել էր համատեղ միջազգային սեմինար-վերապատրաստում «Օտար լեզուների ծրագրերի համապատասխանեցումը Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի մակարդակներին» թեմայով: Միջոցառման նպատակն էր ձևավորել վերապատրաստվողների մոտ լեզուների իմացության համաեվրոպական համակարգի մակարդակներին համապատասխան լեզվական իմացության առաջընթացը գնահատելու հմտություններ և կարողություններ: Սեմինար-վերապատրաստմանն ընդգրկված էին ՀՀ բուհերի և հանրակրթական հաստատությունների ներկայացուցիչներ (40 մասնակից), իսկ վերապատրաստումը անցկացրեցին Եվրոպայի խորհրդի Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի փորձագետներ Յոզե Նոյժոնը և Գաբոր Շաբոն: Եռօրյա վերապատրաստմանը մասնակցեց նաև Եվրասիա միջազգային համալսարանի «Օտար լեզուների և գրականության» ամբիոնը: Ս.թ. հունիսի 6-ին ԵՄՀ «Օտար լեզուների և գրականության» ամբիոնը նախատեսում է արդյունքների ամփոփում և ՌԵԼԱՆԳ /RELANG/ վերապատրաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքների և հմտությունների փոխանակում: Ամբիոնի վարիչ, բ.գ.թ Ս. Հակոբյանը կներկայացնի վերապատրաստման արդյունքները և վերջինիս ընձեռած հնարավորությունները՝ շարունակական կրթության համատեքստում: Ամբիոնի հատուկ հյուրն է վերապատրաստման կազմակերպիչ, ԵՊԼՀ գիտության և միջազգային կապերի գծով պրոռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լ. Ֆլջյանը, որը հանդես կգա «Armenia and ECML» համագործակցություն թեմայով: