Ապրիլի 13 2019

Տեղեկատվական դասընթացների հերթական շարքն ամփոփվեց «Կարիերայի օրեր-2019» նախագծի շրջանակում

2019թ. ապրիլի 13-ին Եվրասիա միջազգային համալսարանում ամփոփվեց «Կարիերայի օրեր» հմտությունների զարգացման ամենամյա նախագիծը, որին ներգրավվեցին տարբեր բուհերի ուսանողներ և շրջանավարտներ:

Նախագծի երկրորդ օրվա դասընթացների շարքը մեկնարկեց «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի Հավաքագրման և ներգրավման ղեկավար Գոռ Նազարյանը, որը ծանոթացրեց հանդիպման մասնակիցներին համալսարանից աշխատաշուկա ինտեգրվելու նրբություններին, այնուհետև նույն կազմակերպության Մարդկային ռեսուրսների և կազմակերպական զարգացման տնօրեն Աննա Բարսեղյանը օգնեց հասկանալ գործատուին ճիշտ ներկայանալու ուղիները:

Մասնակիցների ակտիվությունն ավելի մեծացավ, երբ “SEED: Sustainable Eastern European Dialogue” ՀԿ-ի համահիմնադիր, միջազգային մի շարք նախագծերի կազմակերպիչ, ազգությամբ գերմանացի Ռիկարդո Բերգմանը հանգամանալից ներկայացրեց միջազգային հարթակում հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքը:

Դասընթացների շարքն ամփոփեց “Achigo” մարքեթինգային գործակալության Թվային մարքեթինգի մասնագետ Միքայել Միքայելյանը, որը խոսեց սոցիալական մեդիա մարքեթինգի մասին և պարզաբանեց, թե ինչպես այն օգտագործել բրենդի զարգացման համար:

Երկօրյա նախագծին մասնակցած ուսանողներին ու շրջանավարտներին շնորհվեցին մասնակցության վկայականներ, իսկ դասընթացավարներին՝ շնորհակալագրեր:

Հիշեցնենք, որ «Կարիերայի օրեր» հմտությունների զարգացման ամենամյա նախագիծը իրականացվում է Եվրասիա միջազգային համալսարանի Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնի, «CareerLab»-ի և «Երիտասարդներ հանուն ապագայի» ՀԿ-ի հետ համատեղ:

Նշենք, որ նախագծի կազմակերպման և անցկացման նպատակը ուսանողներին և երիտասարդ մասնագետներին աշխատաշուկայի նոր պահանջներին ծանոթացնելն է, նրանց մասնագիտական խորհրդատվություն տրամադրելը, ինչպես նաև նրանց ոչ ստանդարտ մտածողությունը զարգացնելը: