Հոկտեմբերի 31 2017

Վերապատրաստում-սեմինար «Նորարարությունների կառավարում» 3-րդ միջազգային երիտասարդական գիտական դպրոցի շրջանակներում

 

ՀՀ տնտեսության զարգացման և ներդրումների նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 23-26-ը Ծաղկաձորում կազմակերպվել էին ինտերակտիվ դասընթացներ «Նորարարությունների կառավարում» 3-րդ միջազգային երիտասարդական գիտական դպրոցի շրջանակներում, որին մասնակցում էր Եվրասիա միջազգային համալսարանի աշխատակից, «Կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Մանասյանը:

Դպրոցի նպատակն էր՝ մասնակիցներին ծանոթացնել գիտաինովացիոն նախագծերն առևտրայնացնելու արդյունավետ մեխանիզմներին, գաղափարից մինչև շուկա  հասնելու գործընթացին և առանձնահատկություններին, ինչպես նաև տալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ մտավոր սեփականության օբյեկտների պահպանության և կառավարման բնագավառներում:

Դասընթացներին ներգրավված էին իննովացիոն մենեջմենթի և նախագծերի կառավարման ոլորտի առաջատար մասնագետներ և հրավիրված դասախոսներ:  Դասախոսությունների մեկնարկը տվեց  Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի պետական համալսարանի դասախոս, ֆիզ.-մաթ. գիտ.դոկտոր Մարի Հրաչուհի Բողոսյանը, ով ներկայացրեց իննովացիայից նախագծում գործընթացը, ստեղծագործական մտածելակերպի դերը: Ըստ օրակարգի՝ դասախոսություններով հանդես եկան «Համայնքային զարգացման նորարարական կենտրոն» ՀԿ-ի փոխնախագահ, անկախ բիզնեսի խորհրդատու Կարեն Սարգսյանը, Kodo Startups-ի գործադիր տնօրեն Նարեկ Մանասերյանը,  ովքեր ներկայացրին ինչպես զարգացնել Startps-ի բիզնես մոդել, մշակել ռազմավարություն, ինչպես նախապատրաստել և ներկայացնել արդյունավետ բիզնես նախագիծ, ինպիսի գործիքներ և մեխանիզմներ մշակել այդ ուղղությամբ: Այնուհետև դասախոսությունները շարունակեց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (Թի-Էս-Դի) ընկերության նախագահ և տնօրեն, «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ»-ի հիմնադիր Վ. Շաքարյանը, ով մասնակիցներին ծանոթացրեց նորարարական ապրանքի պլանավորման գործընթացին, ինչպես նաև առևտրայնացման համար անհրաժեշտ արտադրական և մարքեթինգային առանձնահատկություններին:

Հանդիպման վերջին օրը իրենց փորձը ներկայացրին հրավիրված մասնագետները:

Մասնավրապես, Ռուսաստանի Դուբնա քաղաքի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Սոցիալական ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Անդրեյ Տամոնովը կիսվեց ՄՀՄԻ-ի` տարիների ընթացքում փոխշահավետ միջազգային համագործակցության արդյունքում մշակված գիտական արդյունքներով, արձանագրված հաջողություններով և նորարարությունների առևտրայնացման ոլորտում հնարավոր զարգացման հեռանկարներով: Որից հետո Ռուսաստանից ժամանած, Նորարարությունների առևտրայնացման միջազգային բյուրոյի տնօրեն Սերգեյ Իսաևը ներկայացրեց «ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն ոլորտում մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի համագործակցության միջպետական ծրագիրը», առաջարկվող հնարավորությունները, ինչպես նաև կատարված դիտարկումները ապագա տեխնոլոգիական զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Ավարտին, մասնակիցները, հիմնվելով դպրոցի շրջանակներում ձեռք բերված գիտելիքների վրա, հնարավորություն ունեցան միմյանց ներկայացնել սեփական գաղափարների Business Canvas մոդելները:

Դասընթացներին մասնակցում էին մրցութային կարգով ընտրված տարբեր բուհերի ուսանողներ, մագիստրոսներ, ասպիրանտներ, դասախոսներ: