Հուլիսի 01 2017

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՄՀ ԱՇԽԱՏԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ

ԵՄՀ ռեկտորի օգնական Անի Հովասափյանը ս.թ. հունիսի 28-ին բուհի աշխատակիցների հետ կիսվեց  Վարշավայի տնտեսագիտության դպրոցում «Միջազգային վերապատրաստման շաբաթի» ընթացքում ստացած իր գիտելիքներով :

Ա. Հովասափյանը իր ելույթի սկզբում նշեց, որ վերապատրաստումը առանձնանում էր նրանով, որ հրավիրվածները ԵՄ անդամ չհանդիսացող, սակայն Էրազմուս+ ծրագրում ակտիվորեն ներգրավված երկրների բուհերի ներկայացուցիչներ էին: Մասնավորապես, բացի Հայաստանից, վերապատրասմանը ներկա էին Կանադայից, ԱՄՆ-ից, Նոր Զելանդիայից, Ավստրալիայից, Կորեայից, Ճապոնիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելոռուսից, Մոլդովայից, Վրաստանից ժամանած 16 մասնակիցներ:

Այնուհետև նա մանրամասն խոսեց Լեհաստանի կրթական համակարգի կառուցվածքի և առանձնահատկությունների մասին: Ա. Հովասափյանը նաև խորությամբ ներկայացրեց Վարշավայի տնտեսագիտության դպրոցի կառուցվածքը և ծավալած գիտակրթական և հասարակական գործունեությունը:

Անդրադառնալով միջազգայնացման գործընթացին՝ Ա. Հովասափյանը նշեց, որ վերապատրաստման մասնակիցների հետ քննարկվել են ուսանողների և աշխատակիցների փոխանակման կազմակերպման, համալսարաններում ուսանողների տեղեկացվածության բարձրացման, մտավոր/հենաշարժական խնդիրներ ունեցող ուսանողների ինտեգրման և այլնի հետ կապված մի շարք հարցեր: Այս առումով նրա խոսքերով արդյունավետ էին հանդիպումները և առանձնազրույցները համալսարանների ներկայացուցիչների և փոխանակման ծրագրերը համակարգողների հետ:

Իր ելույթի վերջում Ա. Հովասափյանը նշեց, որ վերապատրաստումն անցել է աշխատանքային հագեցած մթնոլորտում, և նա լիահույս է, որ իր կողմից ձեռք բերված փորձի ներդրումը կնպաստի ԵՄՀ-ի միջազգային գործունեության ընդլայնմանը։

Հիշեցնենք, որ համագործակցությունը Վարշավայի տնտեսագիտության դպրոցի հետ ԵՄՀ հաստատել է դեռ 2015թ. փետրվարից և ակտիվորեն շարունակում է առայսօր. յուրաքանչյուր տարի ԵՄՀ բազմաթիվ ուսանողներ և աշխատակիցներ հնարավորություն են ունենում մեկնել վերոնշյալ համալսարան ուսումը շարունակելու, դասախոսություններ կարդալու կամ վերապատրաստվելու նպատակով: