Նոյեմբերի 29 2018

Միջազգային շարժունություն և ECTS կրեդիտների փոխճանաչում. ներկայիս մարտահրավերները

Ս.թ. նոյեմբերի 23-ին Էրազմուս+ ազգային գրասենյակի նախաձեռնությամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համասարանում կրկին հանդիպեցին մի շարք բուհերի միջազգային համագործակցության բաժինների աշխատակիցները՝ քննարկելու միջազգային շարժունության արդյունքում ECTS կրեդիտների ճանաչման մարտահրավերները։

Հանդիպման ժամանակ Եվրասիա միջազգային համալսարանի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Արևիկ Օհանյանը ներկայացրեց Էրազմուս+ Harmony (Erasmus+ Harmony Project, http://harmonyproject.eu/) ծրագրի մասնակցության արդյունքում բուհի կողմից մշակված՝ ուսանողների ակադեմիական շարժունությանն ու կրեդիտների ամբողջական ճանաչմանն ուղղված քաղաքականությունն ու պրակտիկան։ Իր խոսքում Ա. Օհանյանը հանգամանալից անդրադարձավ միջազգային, ազգային և ինստիտուցիոնալ մակարդակներում առկա խնդիրներին, նշեց, որ հիմնական խնդիրները առաջանում են իստիտուցիոնալ մակարդակում, իսկ ազգային օրենսդրությունը չի խոչընդոտում շարժունությանը: Բանախոսը անդրադարձավ ուսումնական ծրագրերի ճկունությանը և կրեդիտային կառուցվածքով ճկուն ծրագրեր ստեղծելու նպատակով կարևորեց ակադեմիական կրեդիտների կուտակման ու փոխանցման համակարգի լիարժեք ներդրումը և դրա ճշգրիտ օգտագործումը՝ որպես աշխատաշուկայի համար մրցունակ մասնագետներ պատրաստելու նախապայման: Նա խնդրահարույց խնդիրների շարքում ընդգծեց նաև կրեդիտների հաշվարկը և շնորհումը:

Ա. Օհանյանը լսարանի հետ կիսվեց նաև կրեդիտների փոխճանաչման ԵՄՀ-ի փորձով՝ մեջբերելով հստակ օրինակներ: Բանախոսն անդրադարձավ նաև այն հիմնական գործոններին, որոնք հանդիսանում են ուսանողների՝ միջազգային փոխանակման ծրագրերին մասնակցելու շարժառիթ:

Թեմայի շրջանակներում Ա.Օհանյանին ուղղվեցին տարատեսակ հարցեր, մասնակիցները կիսվեցին իրենց կարծիքներով, որոնց շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում: