Նոյեմբերի 30 2017

Մեթոդական վերապատրաստում «Ներկայացման հմտություններ և գնահատում» թեմայով

 

 

Ս․թ․ նոյեմբերի 28-ին Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ մեթոդական հերթական վերապատրաստումը, որը վարում էր ԵՄՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար, ռեկտորի խորհրդական Արևիկ Օհանյանը։ Վերապատրաստման թեման էր «Ներկայացման հմտություններ և գնահատում», որի շրջանակներում բանախոսը ներկայացրեց ֆորմալ և ոչ ֆորմալ ներկայացումների բաղադրիչները։ Բանախոսն անդրադարձավ Նեյլ Ֆլեմինգի կողմից առաջադրված ուսումնառության  ոճերին՝ հատկապես կարևորելով այն փաստը, որ մնացորդային գիտելիքի պաշարն առավել է մեծանում, երբ ուսուցման և ուսումնառության ընթացքում ակտիվացվում են սովորողի տարբեր զգայարանները: Ապացուցված է, որ տեղեկատվության 90%-ը ապահովում է տեսողական զգայարանը, ուստի, այս հանգամանքը հաշվի առնելով, Ա․Օհանյանը կարևորեց վիզուալ դիդակտիկայի կիրառությունը դասավանդման ընթացքում։

Որպես տեսողական ներկայացման առավելություններ՝ նա թվեց տեղեկատվության արդյունավետ փոխանցումը, գաղափարների հստակ տարանջատումը, խճճված և բարդ խնդիրների առավել արդյունավետ պարզաբանումը և ուշադրության կենտրոնացումը առավել կարևոր կետերի վրա։ Բանախոսը թվեց ներկայացումների պատրաստման այլընտրանքային գործիքներ՝ հակիճ անդրադառնալով առավելություններին և թերություններին։

Հանդիպման երկրորդ հատվածում Ա․Օհանյանը  մասնակիցներին փոխանցեց անհատական և թիմային ներկայացումների գնահատման գործիքներ, որոնց կիրառությամբ վերջիններս գնահատեցին բանախոսի պատրաստած ներկայացումը։ Աշխատանքի ընթացքում մասնակիցները առաջադրեցին տրամադրված գնահատման գործիքների փոփոխություններ՝ ներկայացնելով այն չափանիշները, որոնք կցանկանային ավելացնել։ Տրամադրված գործիքները անհատական և թիմային աշխատանքների առավել օբյեկտիվ գնահատման տարբերակներ էին։

Հանդիպման ավարտին առաջարկվեց ստուգել մնացորդային գիտելիքները՝ լրացնելով կարճ տեղեկատվություն ստացված գիտելիքի վերաբերյալ։

Հիշեցնենք՝ մեթոդական վերապատրաստմանը ներկա էին ԵՄՀ ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմը։

Հավելենք, որ վերապատրաստումը իրականացվեց ԵՄՀ Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի կողմից պրոֆեսորադասախոսական կազմի ամենամյա վերապատրաստումների շարքի շրջանակներում։