Դեկտեմբերի 07 2018

Մաքիավելլու հիմնական տեսության դրույթները. մեկնաբանում է Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի մասնակից ԵՄՀ ուսանողը

Ս.թ. դեկտեմբերի 6-ին ԵՄՀ Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Մաքիավելլու հիմնական տեսության դրույթները» թեմայով հանդիպում, որը ներկայացրեց Էրազմուս+ ուսանողների միջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում ուսումնառությունը Վալենսիա համալսարանում (Իսպանիա) անցկացրած «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Տիգրան Սարգսյանը:

Տիգրանը ներկայացրեց հյուրընկալող բուհում «Ժողովրդավարության տեսություն» առարկայի շրջանակնում կատարած իր ուսումնասիրությունը՝ իտալացի գրող, պատմաբան, փիլիսոփա Նիկոլո Մաքիավելլու տեսությունը պետության և հասարակության զարգացման գաղափարախոսության վերաբերյալ: Ըստ Մաքիավելլու՝ «պետությունը մարդու ոգու բարձրագույն դրսևորումն է, իսկ պետությանը ծառայելը՝ մարդկային կյանքի նպատակ»: Այս համատեքստում Տիգրանը առաջարկեց ներկաներին մեջբերել օրինակներ հասարակություն և քաղաքական գործիչ փոխհարաբերության վերաբերյալ: Խոսելով «Նպատակն արդարացնում է միջոցները» հայտնի արտահայտության մասին՝ զեկուցողը անդրադարձավ Մաքիավելլու բարոյականության և քաղաքականության տարանջատման սկզբունքին՝ հակիրճ վերլուծության ենթարկելով նրա մի քանի աշխատություններ: Պետության կառավարման ձևերի մասին խոսելիս հանդիպման ներկաները Տիգրանին ուղղեցին տարաբնույթ հարցեր, ինչը ակտիվ բանավեճի հիմք հանդիսացավ: Համեմատականներ անցկացվեց Մաքիավելլու առաջարկած գաղափարների և Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրադարձությունների միջև, որի շուրջ կազմակերպվեց քննարկում:

Հավելենք, որ հանդիպմանը ներկա էին ԵՄՀ ուսանողները և թեմայով հետաքրքրված անձիք: