Մայիսի 31 2018

Ճանաչողական այց  Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ ս.թ. մայիսի 30-ին ուսանողների և Եվրասիա «Իրավաբանական դպրոցի» աշակերտների համար կազմակերպվեց ճանաչողական այց Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Այցի նպատակն էր ուսանողներին իրազեկել  Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, հիմնական ուղղությունների, դերի, պաշտպանի կողմից ընդունվող որոշումների, նրան դիմելու ընթացակարգի, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների համատեքստում պաշտպանի իրավական կարգավիճակի վերաբերյալ կատարված բարեփումների մասին:

Այցի ընթացքում ուսանողներն ու աշակերտները հանդիպեցին Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, հետազոտական և կրթական կենտրոնի, միջազգային համագործակցության վարչության, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի, կանխարգելման ազգային  մեխանիզմի ստորաբաժանում`խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության, քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության աշխատակիցներին, որոնք ներկայացրին համապատասխան ստորաբաժանումների գործառույթները, դերն ու նշանակությունը:

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը ողջունեց ուսանողներին և աշակերտերին, ապա անդրադարձավ ներկաների հարցերին` տալով սպառիչ և բովանդակալից պատասխաններ:

Այցը հագեցած էր տեսական և գործնական գիտելիքներով։

Հավելենք, որ նմանատիպ հանդիպումները կրում են շարունակական բնույթ և միտված են ուսանողների և աշակերտների գործնական գիտելիքների զարգացմանը։