Հունվարի 31 2019

Հերթական դասընթացը «Քայլ առաջ» հեղինակային ծրագրի շրջանակներում

Եվրասիա միջազգային համալսարանի «Քայլ առաջ» հեղինակային ծրագրի շրջանակներում ս.թ. հունվարի  31-ին կազմակերպվեցին սեմինար-պարապմունքներ այս անգամ «Օհանյան» կրթահամալիրում: «Թիմային աշխատանք և առաջնորդություն» թեմայով սեմինարը վարեց ԵՄՀ կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնի պատասխանատու Մերի Շահբազյանը: Փոխներգործուն մեթոդներով հագեցած հանդիպումը միտված էր կրթահամալիրի սաների թիմային աշխատանքի խթանմանը, անձի՝ որպես թիմի անդամ ներգրավվածության բարձրացմանը, թիմի ընդհանուր նպատակների սահմանմանն ու այդ նպատակներին հասնելու վերջնարդյունքներին։  Թիմային աշխատանքի միջոցով աշակերտները հնարավորություն ունեցան տարբեր  իրավիճակներում որոնելու իրական խնդիրների լուծումներ՝ օգտագործելով զանազան ձևեր և տարատեսակ եղանակներ։

Աշակերտների բնորոշմամբ թիմային աշխատանքի ժամանակ կիրառված վարժությունները հնարավորություն տվեցին վերջիններիս առավել կարևորել ընկերոջ նկատմամբ վստահությունը, հարգանքը, միմյանց լսելու, արագ կողմնորոշվելու և թիմային խնդիրների վերհանմանն ու հաղթահարմանն ուղղված որոշումներ կայացնելու կարողությունները։

Դասընթացները բավականին ակտիվ ընթացք ունեցան, ինչը փաստեց կրթահամալիրի սաների հետաքրքրությունը մատուցվող նյութի նկատմամբ:

Հիշեցնենք, որ  Եվրասիա միջազգային համալսարանը, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, տարիներ շարունակ իրականացրել է հմտությունների զարգացման «Քայլ առաջ» ծրագիրը, որի նպատակն է աշակերտներին մատուցել լրացուցիչ կրթական ծառայություններ՝ ուղղված ուսուցման արդյունավետության և մոտիվացվածության բարձրացմանը: Ծրագիրը հավանության է արժանացել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ու ստացել է համապատասխան թույլտվություն ավագ դպրոցներում անցկացնելու համար:

Եվրասիա միջազգային համալսարանը շնորհակալություն է հայտնում կրթահամալիրի ղեկավարությանը՝ ջերմ հյուրընկալության և ակտիվ համագործակցության համար: