Հունվարի 19 2018

Հետազոտում են աշակերտները

Սեփական երկրի նկատմամբ արժեհամակարգի ձևավորումը սկսվում է դեռևս ընտանիքից: Իսկ արդեն աշակերտական  նստարանին այն արժևորվում և մեծագույն պատասխանատվություն է արմատավորվում:

Մեր սերունդը դասագրքերով չէ, որ պիտի իմանա, թե ինչ է սեփական երկրի շահը պահելն ու պաշտպանելը, քանզի նա իր աչքով է տեսել ու ցավոք տեսնում է դրա հետևանքները: Մեր սերնդին մենք չէ, որ պիտի ցույց տանք ճիշտ ուղենիշը, քանզի նա գիտի զենքը գործածելու առիթը: Իզուր չէ ասված, որ առյուծը մեռնում է, առյուծությունը՝ երբեք:

Այս ամենի իսկությունը ևս մեկ անգամ եկավ հավաստելու 2017 թվականի ապրիլի 22-ին մի շարք դպրոցականների համախմբումը մեկ գաղափարի շուրջ՝ սեղանին դնելով Հայաստանի առաջին հանրապետությունից մինչև Երրորդ հանրապետության ուսումնասիրությունը՝ ամբողջ 100 տարի:

Ուսումնասիրությունների ճանապարհները մեզ տարան դեպի Հայաստանի երեք հանրապետությունների անկախության հռչակումը, դեպի դիվանագիտական կապերի հաստատումը, սոցիալ- տնտեսական դրությունը, խորհրդայնացումը, դեպի կրթամշակութային կյանքի խորքերը, Հայաստանի առաջին հանրապետության միջազգային ճանաչումը և քաղաքականությունը, Բաթումի, Ալեքսանդրապոլի և Մոսկվայի պայմանագրերը:

Այս միջդպրոցական գիտաժողովին Երևանի և մարզերի դպրոցների մոտ երեք տասնյակ աշակերտներ իրենց հետազոտությունների շնորհիվ հայրենասիրական դասեր քաղեցին Դիանա Աբգարից, Դրաստամատ Կանայանից, Արամ Մանուկյանից, ներկայացրին այն խրթին ճանապարհը, որով անցել է Արցախի Հանրապետությունը իր պետականության կայացման ճանապարհին, հերոսամարտերի նկարագրումներով հիշեցրին, որ հեշտ չի եղել ազատ լինելն ու այդ ազատությունը պահելը, որ անկախ լինել նշանակում է նաև մշակութային ազատ կյանք ունենալ:

Այս սերունդը նվաճել է անկախ երկրում ապրելու իրավունքը: Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը:

Այս սերունդն է, որ պիտի բարձրացնի արդարության ձայնը. չէ՞ որ մեր արդարությունից մենք ենք առաջին շահողը…

Աշակերտների գիտական զեկուցումների  հիման վրա տպագրվել է ժողովածու, որի շնորհանդեսը տեղի կունենա ս.թ հունվարի 26-ին՝ ժամը 15.00-ին Եվրասիա միջազգային համալսարանում: