Ս․թ․ սեպտեմբերի 26-ին Եվրասիա միջազգային համալսարանում մեկնարկեց ԵՄ և գործընկեր երկրների բարձրագույն կրթության, հետազոտության և նորարարության բնագավառների միջազգայնացման ներդաշնակության զարգացման (Harmony) ծրագրի  կոնսորցիումի անդամների աշխատանքային հանդիպումը։ Օտարերկրյա մասնակիցների հետ հանդիպումը սկսվեց ԵՄՀ ռեկտոր, աշխ․ գիտ․դոկտ․ պրոֆեսոր Ս․Օհանյանի ողջույնի խոսքով, ով մասնավորապես շեշտեց, որ Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողության և դասախոսական կազմի համար մեծ պատիվ է և պատասխանատվություն հյուրընկալելու «Հարմոնի» ծրագրի անդամներին և մաղթեց հաջողություն համատեղ աշխատանքում։ Ներկաներին ողջունեց նաև ԵՄՀ ռազմավարական գծով պրոռեկտոր Հովհաննես Հարությունյանը։ Այնուհետև մասնակիցները անցան օրակարգով նախատեսված զեկույցների ներկայացմանը։ Առաջինը զեկույցով հանդես եկավ Հռոմի Սապիենզա համալսարանի (Իտալիայի Հանրապետություն) ներկայացուցիչ Գիադա Բոնոն, ով խոսեց «Միջազգայնացման գործողությունների ծրագրերի  մշակումը և ռազմավարությունները» թեմայի շուրջ, որից հետո նույն թեմայի շրջանակներում զեկույցով հանդես եկավ Հարավային դաշնային համալսարանի (Ռուսաստանի դաշնություն) ներկայացուցիչ Ելենա Ֆեդոտովան։ Հանդիպումը իրենց համատեղ զեկույցով ավարտեցին Գիտության, տեխնոլոգիայի և կրթության ոլորտում նորարարությունների միջազգային կենտրոնի  (Ռուսաստանի դաշնություն) ներկայացուցիչ Անաստասիա Զադորնան և Կասսել համալսարանի (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) ներկայացուցիչ Նիկոլ Բուրգհարտը, ովքեր ներկայացրեցին մի խումբ գործիքներ և միջազգայնացման ներդաշնակության ռազմավարությանն ուղղված առաջարկների առաջին նախագծային տարբերակը, որի ավարտման վերջանաժամկետների շուրջ մասնակիցների կողմից կայացվեց որոշում, ինչպես նաև Հռոմում հանդիպման արդյունքների ամփոփումը։

Հանդիպումը ընթացավ բավականին բուռն քննարկումների մթնոլորտում։ Մասնակիցների կողմից ուղղվեցին ակտիվ հարցադրումներ ինչպես զեկուցողներին, այնպես էլ կոնսորցիումի անդամներին։  Ընդմիջումից հետո իրականացվեց թիմի աշխատանքների ամփոփում և պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա հանդիպման անելիքների հետ կապված։

 

Օտարերկրյա մասնակիցների ջերմ հյուրընկալությունը ավարտվեց Եվրասիա միջազգային համալսարանի կողմից կազմակերպած մշակութային ծրագրով՝ շրջայց քաղաքամայր Երևանում, որի  նպատակն էր ծանոթացնել մայրաքաղաքի տեսարժան վայրերին, պատմությանը և ոչ պաշտոնական մթնոլորտում ամփոփել աշխատանքային հագեցած օրը։