Սեպտեմբերի 27 2018

«Հարմոնի» ծրագրի կոնսորցիումի անդամների աշխատաժողովը այս անգամ Վորոնեժում

2018թ. սեպտեմբերի 10-14-ին կայացավ ԵՄ և գործընկեր երկրների բարձրագույն կրթության, հետազոտության և նորարարության բնագավառների միջազգայնացման ներդաշնակ մոտեցումների զարգացման ծրագրի (HARMONY) կոնսորցիումի հերթական հանդիպումը: Միջոցառումն այս անգամ իրականացվեց Վորոնեժի պետական համալսարանում: Հանդիպման ընթացքում ծրագրի անդամ բուհերը՝ այդ թվում Եվրասիա միջազգային համալսարանը, ներկայացրին իրենց կատարած աշխատանքների հաշվետվությունը:

ԵՄՀ Ռազմավարական զարգացման գծով պրոռեկտոր Հովհաննես Հարությունյանը և Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Արևիկ Օհանյանը ներկայացրին ծրագրի շրջանակներում իրականացված ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացման վերաբերյալ հետազոտության արդյունքները, ինչպես նաև ԵՄՀ միջազգայնացման ռազմավարությունը: ԵՄՀ-ն միտված է միջազգայնացման ուղղությամբ առավել ինտենսիվ նախաձեռնությունների իրականացմանը` հաշվի առնելով նաև փոփոխվող ազգային քաղաքականությունը և առաջնահերթությունները, բարեփոխված մեխանիզմները, որոնք ապահովելու են նախատեսված գործողությունների ավելի սահուն իրականացումը: Բուհի միջազգայնացման ռազմավարությունը ներկայացվում է 5 հիմնական հենասյուների սահմաններում, այդ թվում. (i) Կառավարման և աշխատակազմի միջազգայնացում, (ii) Արտագնա և ներգնա ուսանողական շարժունակության խթանում և միջազգային ուսանողների թվի աճ, (iii) Ուսումնական պլանների և կրթական միջազգայնացում, (iv) Հետազոտության միջազգայնացում և միջազգային համագործակցության ընդայնում, (v) ԵՄՀ միջազգային տեսանելիության բարձրացում: Նշյալ հինգ ոլորտներում արդեն իսկ իրականացված են նշանակաի քայլեր և նախաձեռնություններ: