Մայիսի 11 2018

Հանրային կառավարման նոր մոտեցումները ըստ պրոֆեսոր Ռամոն  Լորենցոյի

Եվրասիա միջազգային համալսարանը շարունակում է իր ակտիվ  համագործակցությունը Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի (Իսպանիա) հետ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում: Այս համատեքստում սույն թվականի մայիսի 10-ին ԵՄՀ-ն հյուրընկալեց իսպանացի պրոֆեսոր Ռամոն Բոուզաս Լորենցոյին, և համլսարանում մեկնարկեց «Հանրային կառավարման նոր մոտեցումները» թեմայով երկօրա սեմինարը:

Վերապատրաստման սկզբում սեմինարավարը խոսեց «կազմակերպություն» հասկացության մասին՝ սահմանելով հիմնական տարրերը, այնուհետև հանգամանալից բացատրեց կազմակերպական կառուցվածքը, վերջինիս վրա արտաքին գործոնների ազդեցությունը, խոսեց կազմակերպական վարքագծից, կազմակերպության մշակույթից, դրա առանձնահատկություններից՝ ներկայացնելով գծապատկերներ:

Սեմինարավարի կողմից ներկայացվեց «բյուրոկրատիա» հասկացությունը՝ որպես կազմակերպության համակարգի առանձնահատուկ ձև՝  մեջբերելով կազմակերպությունում անձնակազմի փոխհարաբերությունների պրակտիկ օրինակներ: Բանախոսը համեմատական զուգահեռներ անցկացրեց 18-19-րդ և 21-րդ դարերի բյուրոկրատական համակարգերի զարգացման միջև՝ մանրամասն անդրադառնալով այդ ընթացքում արտաքին և ներքին փոխակերպումների վրա:

Ամփոփելով օրվա նյութը՝ թեմայի շրջանակներում պրոֆեսոր Լորենցոն սեմինարի մասնակիցներին ներկայացրեց համապատասխան գրականության ցանկ:

Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը կկայանա ս.թ. մայիսի 11-ին՝ ժամը 13.00-ին: