Հոկտեմբերի 08 2018

Հանճարի հետ, հանճարի մասին

ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐ… անուն, որը կերտեց մի ողջ պատմություն, ՄԱՐԴ, ով քարոզեց աշխարհին խաղաղություն, և լավագույն օրինակը եղավ իր իսկ քարոզի, ՀԱՆՃԱՐ, ով իր տաղանդով հիացրեց հազարավոր մարդկանց, ՈւՍՈւՑԻՉ, ում երաժշտությամբ կրթվեցին բազում սերունդներ, ՎԵՀՈւԹՅՈւՆ, ով ՀԱՅԻ ուղեցույցը եղավ ողջ աշխարհում…անվերջ կարելի է խոսել շանսոնյեի մասին: Անդառնալի է կորուստը, քանզի դեռ շատ սերունդներ են պետք նոր Ազնավուր ծնելու համար: Այսօր ողջ աշխարհն է սգում անսպասելի վախճանը, և մենք՝ նույնպես՝ Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները, հենակետային վարժարանի աշակերտները և ողջ աշխատակազմը, բացառիկ այն սերունդը, ով մեծացել է ազնավուրյան երգերի ներքո, պատիվ է ունեցել հիանալու կենդանի լեգենդով, պարծենալու և ողջ աշխարհին ներկայանալիս ասելու՝ «Ես հայ եմ, այն ազգի զավակը, ով ունի Ազնավուր»:
Այսօր՝ ս.թ. հոկտեմբերի 5-ին ԵՄՀ ողջ թիմը իր հարգանքի տուրքը մատուցեց հանճարի հիշատակին: «Բացառիկ էր Ազնավուրը: Անցնելով կյանքի դժվարին ուղի՝ նա թողեց իր ուրույն հետագիծը: Իզուր չէր կրկնում, որ ինքը հարյուր տոկոսով հայ է, հարյուր տոկոսով՝ ֆրանսիացի: Սա այն լավագույն օրինակն է, որ մեզանից ամեն մեկը պետք է դաս քաղի, որ ոչինչ չի խանգարում մեզ մնալ հայ, անգամ, եթե հանգամանքների բերումով հայտնվենք օտար հողում: Այսօրվա միջոցառումը հանճարին հիշելու միակ օրը չի լինելու. նա անմահ է մեր գիտակցության մեջ, և նրան թերևս կնվիրվեն շատ ու շատ այլ դասեր»,- ցերեկույթին ողջույնի իր խոսքում արտահայտեց ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը: Ռեկտորը նաև կոչ արեց ուսանողներին և աշակերտներին մշտապես գնահատել իրենց մեծերին: Միջոցառումը շարունակեցին հենակետային վարժարանի աշակերտները, ովքեր երգեցին շանսոնյեի հայտնի երգերը, վերհիշեցին նրա ֆրանսերեն և հայերեն բանաստեղծությունները: Ավարտին ԵՄՀ թիմը ծաղիկներ խոնարհեց նրա հիշատակին նվիրված անկյան մոտ և վառեց մոմեր:
Զսպելով մեր արցունքները՝ ուզում ենք խոստանալ, որ հավերժ անշեջ կպահենք ազնավուրյան կրակը և մեր հետագա սերունդների մեջ կսերմանենք ազնավուրյան ոգին՝ պայքարող, միշտ լավատես ու կյանքով լեցուն: