Ապրիլի 08 2019

Հանդիպում-քննարկում Վիլնիուսի պետական համալսարանի պրոֆեսորի հետ

Այսօր՝ ս.թ. ապրիլի 8-ին, Եվրասիա միջազգային համալսարանում էր Վիլնիուսի պետական համալսարանի (Լիտվա) Տնտեսագիտություն և բիզնեսի կառավարում ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աիդա Մակերինսկիենեն: Պրոֆեսորին համալսարանում առաջինը դիմավորեց ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը: Ռեկտորը ողջունեց  լիտվացի պրոֆեսորին այցի կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ երկօրյա դասախոսությունները բացառիկ ներդրում կլինեն ԵՄՀ և այլ բուհերի ուսանողների  գիտելիքների շտեմարանի հարստացման: Այնուհետև պրոֆեսորները քննարկեցին երկու պետությունների՝ Հայաստանի և Լիտվայի բարձրագույն կրթական համակարգերի առանձնահատկություններն ու առկա հիմնախնդիրները ինստիտուցիոնալ և ազգային մակարդակներում:  Խոսելով համագործակցության ընդլայնման մասին՝ ԵՄՀ ռեկտորը նշեց, որ պետք է երկու բուհերի միջև այն զարգացնել բոլոր ուղղություններով՝ մագիստրոսական ծրագրեր, ասպիրանտական կրթություն, հետազոտական դրամաշնորհներ: Այս ուղղություններով համագործակցության հնարավորությունները զարգացնելու նպատակով ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Արևիկ Օհանյանը  պրոֆեսոր Աիդա Մակերինսկիենեի հետ քննարկեց հետագա քայլերը:

Նշենք, որ վաղը՝ ս.թ. ապրիլի 9-ին, Վիլնիուսի պետական համալսարանի (Լիտվա) Տնտեսագիտություն և բիզնեսի կառավարում ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աիդա Մակերինսկիենեին կանցկացնի առաջին բաց դասախոսությունը՝ Էրազմուս+ դասախոսների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակներում՝ «Strategic management: Case of VU EVAF strategy » թեմայով: