Նոյեմբերի 22 2017

Հաղթեց «Եվրասիա- համերաշխությունը»

Ս.թ. նոյեմբերի 15-ին Եվրասիա միջազգային համալսարանում տիրում էր սպորտային բարձր տրամադրությունը: ԵՄՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ համալսարանի սպորտ-դահլիճում կազմակերպվել էր ներբուհական փուլային մրցույթ վոլեյբոլ խաղից, որին ակտիվ ներգրավված էին նաև միջազգային ուսանողները:
Առաջին և երկրորդ փուլերում, որպես հակառակորդ թիմեր, մրցում էին տեղացի և օտարերկրյա ուսանողական խմբերը: Հանդիպումը շատ ակտիվ սկսեցին տեղացի ուսանողները` համառ ու թեժ պայքարի արդյունքում ապահովելով սեփական հաղթանակը 2:0 հաշվով: Հեռահար հարվածներով և գեղեցիկ խաղով աչքի էին ընկնում հատկապես աղջիկները:
Պայքարը առավել թեժացավ երրորդ փուլում: Թիմերը ընդմիջումից հետո կատարեցին փոփոխություն իրենց ուժային կազմում` թիմում ընգրկելով ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի եվրասիականներին: Արդյունքում հավասար պայքար ընթացավ, քանի որ խաղը հիրավի լարված էր:
Հետաքրքիր և յուրօրինակ հանդիպումը ավարտվեց ոչ ոքի հաշվով:
Հիշեցնենք, որ սպորտային նմանօրինակ միջոցառումները իրենց բնույթով միտում ունեն ձևավորելու ուսանողության շրջանում առողջ ապրելակերպը և մշտապես բարձր պահելու ֆիզիկական մարզավիճակը: