Հունիսի 08 2017

ԿՐԿՆԱԿԻ ԴԻՊԼՈՄԻ ՆՈՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Եվրասիա միջազգային համալսարանի ներկայացուցիչները շարունակում են Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրենց կապերն ամրապնդել եվրոպական բուհերի հետ: Այս անգամ ԵՄՀ Ռազմավարական գծով պրոռեկտոր Հ. Հարությունյանը և Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ա. Օհանյանը մեկնել էին Բռնոյի` Չեխիայի առաջին հանրապետության առաջին նախագահ Տոմաշ Մասարիկի անունը կրող համալսարան:

Այցելության ընթացքում ԵՄՀ պատվիրակները Մասարիկ համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դասախոսների համար անցկացրեցին սեմինար «Ուսանողների շարժունության գործոնների բացահայտումը Հայաստանի օրինակով» թեմայով՝ ներկայացնելով իրականացված հետազոտության արդյունքները:

Այցելության ընթացքում կազմակերպվել են զանազան քննարկումներ , առանձին հիմնախնդիրների վերաբերյալ տեղի են ունեցել բանավեճեր:  Մեր պատվիրակները հյուրընկալող համալսարանի ներկայացուցիչների հետ քննարկել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նախանշել  բուհերի միջև համագործակցության խորացման հեռանկարները: Նախնական համաձայնություն է ձեռք բերվել կրկնակի դիպլոմի համատեղ ծրագրի իրականացման շուրջ:

ԵՄՀ ներկայացուցիչները այցի ընթացքում նաև մասնակից են դարձել «Երիտասարդ տնտեսագետների հանդիմում 2017» (Young Economists’ Meeting 2017) ամենամյա գիտաժողովին:

Նշենք, որ Եվրասիա միջազգային համալսարանի և Մասարիկ համալսարանի միջև միջբուհական համագործակցությունը հաստատվել է 2015թ. սեպտեմբերին,որի շրջանակներում ԵՄՀ ուսանողները հնարավորություն են ստացել իրենց ուսման մեկ կիսամյակը անցկացնել Չեխիայի ամենահեղինակավոր բուհերից մեկում, համալսարանի դասախոսները և աշխատակազմը նույնպես պարբերաբար մեկնում են Մասարիկ համալսարան դասախոսություններ կարդալու կամ եվրոպական վերապատրաստման դասընթացներին մասնակից դառնալու նպատակով: