Հունիսի 12 2018

Կայացավ «Պատանի իրավաբանի դպրոց-2018» նախագիծը

2017թ. դեկտեմբերի 1-ից մեկնարկած «Պատանի իրավաբանի դպրոց-2018» վեցամսյա նախագիծը մոտեցավ իր ավարտին: Նախագծին ներգարվվեցին տարբեր դպրոցների աշակերտներ: Մինչ դասընթացների մեկնարկը՝ կազմակերպվեց աշակերտների գիտելիքների նախնական ստուգում, որով և ազդարարվեց հետագա դասընթացների սկիզբը:

Պատանի իրավաբանի դպրոցի նպատակն է  մասնագիտական կողմնորոշման շրջանակներում ձևավորել ընդհանրական գիտելիքներ իրավագիտության վերաբերյալ, աշակերտի մեջ զարգացնել իրավաբանին բնորոշ հատկանիշներ, ուղղորդել նրան ինքնուրույն աշխատանքի՝ զարգացնելով վերջինիս նախաձեռնողականությունը:

Դպրոցի շրջանակներում աշակերտների համար կազմակերպվեցին այցեր ՀՀ Սփյուռքի նախարարություն, ՀՀ Ազգային ժողով, «AM» իրավաբանական ընկերություն, «Ֆակտում» խորհրդատվական իրավաբանական ընկերություն, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ, ՀՀ Քննչական կոմիտե: Վերոնշյալ կառույցներում աշակերտները հանդիպեցին ոլորտի լավագույն մասնագետներին, ծանոթացան կառույցների աշխատանքներին, քննարկեցին պրակտիկ օրինակներ՝ հարստացնելով իրավագիտության իրենց գործնական գիտելիքները:

Դասընթացների ժամանակ պարբերաբար անցկացվեցին  աշակերտների գիտելիքների ընթացքիկ ստուգումներ, իսկ որպես ստացած գիտելիքների վերջնական ստուգում՝ կազմակերպվեց դատախաղ: Աշակերտները ստանձնած դերերում ամենայն ոգևորությամբ և լրջությամբ ներկայացրին դպրոցի շրջանակներում ձեռքբերած գիտելիքները:

Նախագծի ավարտին՝ ս.թ. հունիսի 6-ին,  ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանի կողմից մասնակիցներին շնորհվեցին վկայականներ: Ռեկտորը շնորհավորեց աշակերտներին վեցամսյա ծրագիրը փայլուն անցնելու համար, հավաստիացրեց, որ դպրոցի շրջանակներում ստացած գիտելիքները  աշակերտների՝ որպես ապագա իրավաբան-մասնագետների կողմնորոշման լավագույն սկիզբ կհանդիսանան: