Մայիսի 22 2018

Կայացավ «Կարիերայի օրեր» հմտությունների զարգացման ամենամյա նախագիծը

2018թ. մայիսի 18-19-ին, Եվրասիա միջազգային համալսարանում անցկացվեց «Կարիերայի օրեր» հմտությունների զարգացման ամենամյա նախագիծը, որին ներգրավվեցին տարբեր բուհերի ուսանողներ և շրջանավարտներ: Հանդիպմանը ողջույնի իր խոսքով հանդես եկավ ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը, ով իր խոսքում խրախուսեց նախագծում ուսանողների և շրջանավարտների ներգրավվածությունը՝ հույս հայտնելով, որ նախագիծը կնպաստի առաջադրված նպատակների իրականացմանը և նոր հմտությունների յուրացմանը: Այնուհետև Գործատուների Հանրապետական Միության նախագահ Գագիկ Մակարյանը բովանդակալից խոսեց կրթական համակարգից գործատուների ակնկալիքների մասին՝ զուգահեռաբար կարևորելով այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ ազնվությունը, վերլուծական մտածելակերպը, ճկունությունը արագ որոշումներ կայացնելու գործընթացում, ինքնակառավարման կարողությունը, մոտիվացիան ինքնակրթության մեջ և պատասխանատվությունը: Զեկույցով հանդես եկավ նաև Staff.am ընկերության մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար Նազելի Բադալյանը, ով ներկայացրեց ՀՀ աշխատաշուկայի վիճակագրական վերլուծություն ոլորտային ուղղվածությամբ: Պակաս ուշագրավ չէր Հմայակ Ավետիսյանի («Երիտասարդներ հանուն ապագայի» ՀԿ) «Խոսքի մշակույթը՝ որպես հաջողության գրավական» թեմայով սեմինարը:  Առաջին օրվա հանդիպումները ամփոփեց Մերի Մամյանը («ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ)՝ «Կամավորություն՝ բանալի դեպի աշխատաշուկա» թեմայով:
Նախագծի երկրորդ օրը մեկնարկեց ԵՄՀ Հասարակայնության հետ կապերի և գովազդի բաժնի ղեկավար Արմինե Մանասյանը «Ստեղծագործական մտածելակերպից դեպի նորամուծություն» թեմայով, այնուհետև հանդիպումները շարունակեցին Շահանե Բեգլարյանը և Ալլա Գևորգյանը (CareerLab ընկերություն), ովքեր երկու առանձին լսարաններին զուգահեռաբար ներկայացրին աշխատաշուկայում անձի մրցունակությունն ապահովող հմտությունները: Ակտիվությունն առավել մեծացավ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական  թատրոնի երիտասարդ դերասան Լևոն Հախվերդյանի կողմից «Ներկայացման հմտություններ» թեմայի ներկայացման ժամանակ: Օրակարգի համաձայն միջոցառումը  շարունակեց Նազելի Հայրապետյանը («Երիտասարդներ հանուն ապագայի» ՀԿ), ով ներկայացրեց «Նորարարությունից մինչև սոցիալական ձեռնարկատիրություն» թեման: Երկրորդ օրվա հանդիպումները ամփոփեց «Էյ Փլաս Սքիլզ» ուսումնական կենտրոնի հիմնադիր Արմինե Փանոսյանը «Ենթագիտակցության դերը հաջողության հասնելու ճանապարհին» թեմայով:

Երկօրյա նախագծին մասնակցած ուսանողներին ու շրջանավարտներին շնորհվեցին մասնակցության վկայականներ, իսկ դասընթացավարներին՝ շնորհակալագրեր:

Հիշեցնենք, որ «Կարիերայի օրեր» հմտությունների զարգացման ամենամյա նախագիծը իրականացվում է Եվրասիա միջազգային համալսարանի «Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոն»-ի, «CareerLab»-ի և «Երիտասարդներ հանուն ապագայի» ՀԿ-ի հետ համատեղ: