Հունվարի 29 2018

Իրավագիտության մասնագիտության կրթական ծրագրերի վերջնարդյունքների «Կլոր սեղան» քննարկում գործատուների հետ

2018թ. հունվարի 26-ին ԵՄՀ «Տեմպուս» սրահում տեղի ունեցավ իրավագիտության բակալավրի և մագիստրատուրայի մասնագիտության կրթական ծրագրերի վերջնարդյունքների քննարկում: Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել նախապես ուսումնասիրված կրթական ծրագրերի նպատակների, խնդիրների և վերջնարդյունքների համապատասխանությունը գործատուների կողմից մասնագետներին ներկայացվող պահանջներին՝ ներկայացնելով առաջարկներ ուսանողի գիտելիքների, հմտությունների և կարողունակությունների շուրջ՝ վերջինիս մրցունակությունը աշխատաշուկայում ապահովելու նպատակով: Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՄՀ Իրավագիտության ամբիոնի վարիչ Ռ. Պետրոսյանը, ով իր խոսքում ամփոփ ներկայացրեց մասնագիտության կրթական ծրագրերի գնահատման գործընթացը, այդ գործընթացի կարևորությունը, համագործակից կազմակերպությունների ցանկը՝ վստահեցնելով, որ գործատուների առաջարկները էապես կնպաստեն կրթական գործընթացը արդյունավետ կազմակերպելուն: Այնուհետև քննարկումը շարունակեց ԵՄՀ իրավագիտության ամբիոնի վարիչի տեղակալ Նունե Ջոմարդյանը, ով մանրամասն խոսեց  կրթական ծրագրերի վերջնարդյունքներից և խնդրեց ներկաներին ուշադրությունը կենտրոնացնել ծրագրում նշված կոնկրետ կետերի վրա:  Ներկայացվածի շուրջ գործատուների կողմից հնչեցին առաջարկներ, մասնավորապես  շեշտադրվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և կիրառման կարևորությունը՝ որպես ժամանակակից կրթության կազմակերպման կարևորագույն գործոն, Ինչպես փաստեց Ռ. Պետրոսյանը, նշված առաջարկները կրթական գործընթացի կարևոր փոփոխությունների հիմք կարող են հանդիսանալ: Հանդիպմանը ակտիվ քննարկում ծավալվեցին այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են դասավանդվող առարկաների ցանկի համապատասխանությունը նախանշված վերջնարդյունքներին, կրթական ծրագրի արդիականությունը աշխատաշուկայի պահանջներին, խոսվեց նաև բուհ-գործատու հարաբերությունների, կապի ամրապնդման նախաձեռնությունների, գործատուների դերը կրթական ծրագրերի մշակման, իրացման, գնահատման գործում և այլն:

Հավելենք, որ հանդիպմանը ներկա էին գործատուները, նույն ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, ոլորտի մասնագետները և ուսանողները: