Հուլիսի 02 2018

«Ինչպես զարգացնել դասընթաց ժողովրդավար կրթության համատեքստում» թեմայով սեմինար միջազգային պրոֆեսորի կողմից

Առարկայական ծրագրի հստակ կազմությունը հանդիսանում է արդյունավետ ուսուցման կազմակերպման գլխավոր նախապայման: Հենց այս նպատակով ս.թ. հունիսի 27-ին ԱՄՆ Սթոնհիլ քոլեջի քաղաքական գիտությունների և միջազգային հարաբերությունների գծով հայտնի պրոֆեսոր Աննա Օհանյանի նախաձեռնությամբ և Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտական ինստիտուտի հովանավորությամբ Եվրասիա միջազգային համալսարանում իրականացվեց  սեմինար «Ինչպես զարգացնել դասընթաց ժողովրդավար կրթության համատեքստում» թեմայով։
Հանդիպումը բաղկացած էր տեսական և գործնական մասերից: 

Առաջին մասում պրոֆեսոր Աննա Օհանյանը ներկայացրեց դասախոս-ուսանող փոխհարաբերությունների ամրապնդման համատեքստում իրականացրած իր հետազոտությունը` այս հենքի վրա շեշտադրելով ուսուցման գործընթացի այնպիսի նպատակներ և գնահատման համակարգի չափելիության մեխանիզմներ, որոնք անհրաժեշտ են առարկայական ծրագիրը կառուցելու համար:
Ըստ բանախոսի՝ դասախոսը պետք է կարողանա ակադեմիական գիտելիքի հենքի վրա ձևավորել ուսանողի քննադատական մտածողությունը, հետազոտելու, վերլուծելու, սինթեզելու և այլ կարողություններ: Բանախոսը ընդգծեց մի շարք փոխներգործուն տեխնիկաներ, որոնց կիրառումը առավել ներգրավված է դարձնում ուսանողներին կրթական գործընթացում:
Ընդհանրացնելով լսարանի կարծիքը` պրոֆեսորը մանրամասն կանգ առավ առարկայական ծրագրի վերջնարդյունքների սահմանման, առաջադրանքների կազմման և գնահատման վրա` մատնանշելով առանցքային տարրերը:
Հանդիպման երկրորդ հատվածում կազմակերպվեց խմբային աշխատանք: Երկու թիմերից բաղկացած լսարանին առաջադրվեց նախագծել առարկայական ծրագիր նոր նյութին համապատասխան: Ավարտին մասնակիցները ներկայացրին կատարված առաջադրանքը, որոնց շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում:
Տեղեկատվությամբ հագեցած ինտերակտիվ սեմինարին մասնակցեցին տարբեր բուհերի դասախոսներ, մասնագետներ, թեմայով հետաքրքրված անձիք և կրթության փորձագետներ