Ապրիլի 11 2019

Ժամանակի կառավարման նոր բանաձևը ներկայացրեց Վիլնիուսի պետական համալսարանի պրոֆեսորը

Այսօր՝ ս.թ. ապրիլի 11-ը, Վիլնիուսի պետական համալսարանի (Լիտվա) Տնտեսագիտություն և բիզնեսի կառավարում ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աիդա Մակերինսկիենեի երկրորդ դասախոսության օրն էր Եվրասիա միջազգային համալսարանում ՝ « Project management: Time planning» թեմայով:
«Ժամանակի կառավարում» նշանակում է առկա ժամանակը ծառայեցնել սեփական նպատակներին. յուրաքանչյուր որոշում պետք է հիմնված լինի այն բանի վրա, թե ինչի եք փորձում հասնել Ձեր կյանքում, հստակ նպատակների առաջադրումը նպաստում է հստակ որոշումների կայացմանը»,- այս բանաձևի հիման վրա իր դասախոսությունը կառուցեց պրոֆեսոր Մակերինսկիենեն: Նա ներկայացրեց ժամանակի կառավարման քայլերի հաջորդականությունը նախագծերի կառավարման նպատակադրման հիման վրա և ելնելով առաջնահերթություններից ու հրատապությունից՝ առաջարկեց հանդիպման մասնակիցներին վարժությունների միջոցով սահմանել ժամանակի կառավարման իրենց բանաձևը: Նա խորհուրդ տվեց նաև օգտվել ժամանակի կառավարման «Trello » հավելվածից:
Ինտերակտիվ հանդիպման ընթացքում հանդիպման մասնակիցները իրենց հուզող հարցերը հղեցին բանախոսին ու ստացան սպառիչ պատասխաններ:
Եվրասիա միջազգային համալսարանում ունեցած իր դրական տպավորությունների մասին պրոֆեսորը կիսվեց բուհի ռեկտոր Սուրեն Օհանյանի հետ: Նրան հատկապես հիացրեցին ԵՄՀ ուսանողների հարցադրումները մատուցվող նյութի շրջանակում, ինչն իր խոսքով, փաստում էր վերջիններիս հետաքրքրության բարձր աստիճանը, իսկ ուսանողների մեծամասնության և աշխատակազմի կողմից անգլերենի տիրապետումը ապացույցն էր բուհում օտար լեզուն և միջազգային ծրագրերը կարևորելուն:
Համալսարանը պրոֆեսորի հայաստանյան կարճատև այցը զուգակցեց նաև մշակութային միջոցառումների հետ: Պրոֆեսոր Մակերինսկիենեն շրջեց 2800-ամյա պատմություն ունեցող քաղաքամայր Երևանում, դիտարկեց հայոց հնադարյան գրերը Մատենադարանում, հիացավ Էդուարդ Տեր-Ղազարյանի մանրադիտակային քանդակների ցուցադրությամբ, ծանոթացավ հեթանոսական ամենահին տաճարին Գառնիում և Գեղարդի վաղ միջնադարյան վանական համալիրին:
Հիշեցնենք, որ պրոֆեսոր Մակերինսկիենեն ԵՄՀ–ում էր Էրազմուս+ դասախոսների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակներում: